Պարգևավճարը դարձնում են օրենքի պահանջ, Ավելի քան 11 մլն դրամ՝ պաշտոնյանի երեխաներին ուրախացնելու համար․ Մամուլը՝ սուրճով

Պարգևավճարը դարձնում են օրենքի պահանջ, Ավելի քան 11 մլն դրամ՝ պաշտոնյանի երեխաներին ուրախացնելու համար․ Մամուլը՝ սուրճով

«Հրապարակ» թերթը գրում է. «Լոռու նախկին մարզպետ, ՀՀԿ-ական Արթուր Նալբանդյանը հուլիսին նշանակվել է Լոռու գազամատակարարման եւ գազիֆիկացման մասնաճյուղի տնօրեն: Մինչ այդ  «Գազպրոմի» Երեւանի գրասենյակում իրացման բաժնի պետն էր:

Նա փոխարինել նախկին է պետ Վարդան Բաղդասարյանին՝ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Վահրամ Բաղդասարյանի եղբորը, ով կենսաթոշակի է անցել: Փաստորեն, «Գազպրոմում» ինքնուրույն կադրային քաղաքականություն են վարում եւ նախընտրում նախկիններին»:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ազգային Ժողովի 8-րդ գումարման 7-րդ նստաշրջանի քննարկվող նախագծերի շարքում է թաքնված՝ ««Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» նախագիծը։ Այն ենթադրում է հետեւյալը. ՀՀ պետական եկամուտների կոմիտեում ներդնել կատարողականի գնահատման հիման վրա Կոմիտեի ծառայողներին հավելավճար տրամադրելու գործիքակազմ՝ հաշվի առնելով ծառայության անցնելու գրավչությունն ու շահագրգռվածությունը մեծացնելու, ծառայողների աշխատավարձերը բարձրացնելու եւ կադրերի արտահոսքը կանխելու անհրաժեշտությունը: Բանն այն է, որ, ըստ նշված նախագծի, պարգեւավճարներ ստանալը դառնում է օրենքով սահմանված կարգ, ինչը պարգեւավճարների որոշումներ ստորագրողին ազատում է պատասխանատվությունից։

Նախատեսվում է, որ հավելավճարի հաշվարկման կարգով պետք է սահմանվի, որ դրա ձեւավորման ժամանակ հաշվի են առնվելու օրենքով նախատեսված պատրաստում կամ վերապատրաստում անցած լինելու հանգամանքը, որի պարագայում աշխատակիցն արդեն իսկ ունենալու է հավելավճարի 30 տոկոսը ստանալու իրավունքը: Ընդ որում՝ եթե աշխատողն ունենա Կառավարության կողմից սահմանված որակավորում եւ հարկային/մաքսային ոլորտի այլ հավաստագիր, ապա այդ աշխատողի համար պատրաստում կամ վերապատրաստում անցած լինելը հավելավճար ստանալու համար պարտադիր չի լինի, եւ նա արդեն իսկ կունենա հավելավճարի 30 տոկոսը ստանալու իրավունքը: Եթե կարճ ձեւակերպենք, ապա նախագծը «պարգեւավճար» եզրույթը դարձնում է «հավելավճար», իսկ պարտավորությունը դնում է պետության ուսերին՝ ասելով, որ դա օրենքն է ենթադրում, այլ ոչ թե որեւէ պաշտոնյա է կամայական որոշում»:

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Երկու օր առաջ լուրեր տարածվեցին, թե Ստեփանավանի ՔՊ-ական քաղաքապետ Արմեն Գրիգորյանը փորձել է դանակով կտրել անձնական հարցով իրեն դիմած քաղաքացու կոկորդը, որը եկած է եղել անաշխատունակության տեղեկանք ստանալու: Քաղաքապետը հրաժարվել է ընդունել նրան՝ ասելով, թե խորհրդակցության է, անվտանգության աշխատակիցները նախ ծեծի են ենթարկել քաղաքացուն, որից հետո քաղաքապետը դանակով հարձակվել է նրա վրա: Տուժողը դիմել է ոստիկանություն, սակայն առայժմ ընթացք չի տրվել գործին։

Համայնքապետարանից հերքել են այս լուրը, սակայն մեր աղբյուրն ասում է, որ վկաներ կան՝ քաղաքապետի սենյակում են եղել նրա տեղակալը, տեղի գազի գրասենյակի պետը։ Եվ սա առաջին դեպքը չէ՝ Գրիգորյանը հարկայինի պետ աշխատելու տարիներին դանակահարել է նախկին քաղաքապետ, հանգուցյալ Սարգիս Ղարաքեշիշյանին՝ Քոթոյին։

Հեղափոխությունից առաջ նա Տաշիրի «տիրակալ» Կարեն Կարապետյանի թիմում էր, հեղափոխությունից հետո՝ ՔՊ-ական Արփի Դավոյանի եւ Սուրեն Պապիկյանի, ինչի շնորհիվ էլ, թերեւս, իրավապահները չեն զբաղվում նրանով։ Քաղաքապետարանում եւ դրա ենթակայության տակ գտնվող կառույցներում բոլոր հարցերը՝ հավաքարար նշանակելուց մինչեւ այլ խնդիրներ, լուծում է Պապիկյանի հայրը։

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ազգային ժողովի ամանորյա բացօթյա միջոցառումը, որը նախատեսված էր այցելած երեխաներին տոնական տրամադրություն պարգեւելու համար, այդքան էլ նպատակին չի ծառայել։ «Ժողովուրդ» օրաթերթը, միջոցառման կադրերն անքթիթ զննելով, նկատեց, որ ներկաների մեծամասնությունը բարձրաստիճան պաշտոնյաներ են, բացառապես իշխանական պատգամավորներ, որոնք երեխաների հետ ներկա էին միջոցառմանը։ Մի քանի քաղաքացիներ են միայն ներկա եղել, որոնք, հետաքրքրություն չգտնելով, հեռացել են։
Ստացվում է, որ միջոցառումը, որի համար պետական բյուջեից տրամադրվել էր 11 մլն 60 հազար դրամ գումար, կազմակերպվել էր միայն պաշտոնյաների եւ ՔՊ-ականների երեխաներին ուրախացնելու համար։

Պաշտոնյաները իշխանության ներկայացուցիչներ էին հիմնականում, որոնք արդեն սովորություն են դարձրել սեփական կարիքների համար մսխել ՀՀ քաղաքացու աշխատանքի հարկերից կուտակված պետական բյուջեն։ Ասել է թե՝ Ալեն Սիմոնյանն ու ԱԺ աշխատակազմի ղեկավարը մոտ 27 հազար ԱՄՆ դոլար են հատկացրել պետության միջոցներից՝ ՔՊ-ականներին եւ իրենց մերձավորներին զվարճացնելու համար: Կադրերում որեւէ ընդդիմադիր պատգամավորի, որեւէ «պատահական» մարդու չգտանք: ՔՊ-ն իրենց «տան անդամներով» պետության հաշվին ուրախանում էր՝ Ալեն Սիմոնյանի գլխավորությամբ»: