Դժվար են ընդունել այդ փաստը, բայց... Արցախցի երեխաները Երևանում են դպրոց գնում

Հայաստանում մնացած արցախցի 14 երեխաներն արդեն 3 օր է հաճախում են Երևանի Չայկովսկու անվան երաժշտական միջնակարգ մասնագիտական դպրոց։ MediaHub-ի հետ զրույցում այս մասին ասաց երեխաների ուսուցչուհին՝ Անահիտ Գաբուզյանը։
«Սկզբից երեխաները շատ դժվար են ընդունել այն փաստը, որ Հայաստանում պետք է գնան դպրոց, ուզում են տուն գնան, իրենց դպրոցը, իրենց դասընկերների հետ, բայց բացատրել ենք, որ պետք է դպրոցական ծրագրից հետ չմնան, ստիպված են եղել գնալ»,-ասաց ուսուցչուհին։
Այժմ նրանք մնում են Երևանի հյուրանոցներից մեկում։ Անահիտ Գաբուզյանը վստահեցնում է, որ պայմանները լավն են, մարդկանց վերաբերմունքը ջերմ, բայց մտահոգված են, ուզում են շուտ բացվի ճանապարհը, քանի որ իրենց ընտանիքներն այնտեղ են։
«Հիմա մեզ համար շատ ավելի դժվար է, որովհետև երեխաների հետ մինչև երեկո դաս ենք անում, ծանրաբեռնվածությունն ավելի է մեծացել»,-ասաց Անահիտը, հավելելով, որ անկախ ամեն ինչից՝ բոլոր դժվարությունները հաղթահարելու են։
Ինչ վերաբերում է հարցին, թե արդյոք չի քննարկվում երեխաներին Կարմիր խաչի միջնորդությամբ Արցախ տեղափոխելու հարցը, Անահիտ Գաբուզյանը նշեց, որ տեղեկատվություն չունի, չգիտի, թե ինչպես է կազմակերպվելու այդ հարցը։
Հիշեցնենք, որ արդեն մեկ ամիս է, ինչ Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը ադրբեջանցիները ապօրինի կերպով փակել են։
Շուշանիկ Միսկարյան