Շոու՝ մեկ դերասանով 

Շոու՝ մեկ դերասանով 

Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները հայտարարել են՝ չեն մասնակցի 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի այսօրվա նիստին, որտեղ ցուցմունք է տալու վարչապետ Փաշինյանը։

Ընդդիմադիր խմբակցությունները, համատեղ հայտարարությամբ, «շոու» են որակել այսօրվա նիստը:

Ընդգծելով, որ հրապարակային վկայությունների պարագայում անհնար է լինելու պետական, ռազմական, դիվանագիտական գաղտնի տեղեկությունների հրապարակումը, կամ դրանց շուրջ հարցադրումների ներկայացումը՝ ընդդիմադիր պատգամավորները նկատում են՝ այն «ծառայելու է իշխանությանը, քաղաքական մեծամասնությանն ու անձամբ Փաշինյանի վրայից քաղաքական պատասխանատվությունը հեռացնելու նպատակին»։

Փաշինյանի «կենսունակությունը»՝ մեր պետության ու ժողովրդի շահերի հաշվին

44-օրյա պատերազմի հանգամանքների վերաբերյալ վարչապետի ցուցմունքի ուղիղ եթերի ռեժիմն, իհարկե, շոու, թատրոն է, որը բացառապես ծառայելու է Նիկոլ Փաշինյանի օրակարգին, այն է՝ պատերազմի ու դրա պարտության պատասխանատու կարգել բոլորին իրենից բացի:

Այս համատեքստում, բնականաբար, անիմաստ է այս շոուին մասնակցելը, սակայն խորհրդարանական ընդդիմության բոյկոտը մեծ արդյունք չի ունենալու, քանի դեռ գոյություն չունի քաղաքական այլընտրանքային բովանդակություն, գործիքակազմ:

Խորհրդարանական ընդդիմության ճգնաժամն ավելի խորքային է: Օրինակ, ի՞նչ իմաստ ունի նրա խորհրդարանական գործունեությունը, եթե ԱԺ ընդդիմությունը չունի սեփական օրակարգ: Մյուս կողմից, այդ օրակարգի բացակայությունը տիտղոսային ընդդիմության գործունեությունն անարդյանավետ է դարձրել նաև խորհրդարանի պատերից դուրս:

Այս համատեքստում է, որ Փաշինյանի քաղաքականապես ամուլ իշխանությունը շարունակում է «կենսունակ» մնալ:

Վահրամ Բագրատյան