Սայլը տեղից շարժվեց․ Լարսի կուտակումները թեթևացել են

Սայլը տեղից շարժվեց․ Լարսի կուտակումները թեթևացել են

Այս պահին Լարսի անցակետով օրական մոտ երկու հարյուր հայկական բեռնատար մեքենա է անցնում։ Այդ մասին MediaHub.am-ի հետ զրույցում ասաց «Միացյալ Հայաստան» կուսակցության նախագահ Երվանդ Թարվերդյանը։

Նրա խոսքով՝ փչացած ապրանք տեղափոխող հայկական մեքենաներն արդեն չորս-հինգ օրում անցնում են Վրաստանի տարածքը, իսկ մյուս մեքենաները՝ յոթ-ութ օրում։

Դիտարկմանը, որ դեռ մեկ շաբաթ առաջ վարորդները մեզ ահազանգում էին, թե տասնհինգ-քսան օրում չեն կարողանում Թբիլիսին շրջանցող կամրջից առաջ անցնել, Թարվերդյանը արձագանքեց՝ նշելով, որ այո՛, մեկ շաբաթ առաջ Վրաստանի տարածքը հարաբերականորեն փակ էր, Լարսով օրական քառասուն-հիսուն հայկական մեքենա էր անցնում։

«Ու շուրջ երեք հազար հայկական մեքենա Վրաստանի տարածքում էր գտնվում»,- ասաց Թարվերդյանը։ 
Նրա դիտարկմամբ՝ այս ամենի պատճառներից մեկը ռուս-ուկրաինական պատերազմն է, Ղրիմի կամրջի պայթյունը, քանի որ դրանից հետո ռուսական անցակետը խստացրեց հսկողությունը։
«Լարսի մաքսային կետում շատ խիստ հսկողություն էր իրականացվում՝ անվտանգային նկատառումներից ելնելով։ Տոտալ զննում էր իրականացվում»,- նկատեց նա։

Թեև այսօր մեքենաների կուտակումներ գրեթե չկան, բայց երկարաժամկետ հեռանկարում պարզ չէ՝ այս միտումը կպահպանվի՞, թե՞ ոչ։

«Այս տարվա ընթացքում մենք նմանատիպ շատ դեպքեր ենք տեսել․ կուտակումներ Լարսի անցակետում միշտ եղել են, հատկապես ռուս-ուկրաինական դեպքերից հետո։ Մենք գիտենք, որ դրանից հետո հոսքը մի քանի անգամ ավելացել է, քանի որ եվրոպական երկրներից, Թուրքիայից ապրանքաշրջանառության ծավալները մեծացել են․ ՌԴ ընկերությունները չեն կարողանում ապրանքներն ուղիղ ձեռք բերել, ուստի թուրքական ընկերությունների միջոցով են ապրանք ստանում, և հոսքն էլ, այդ պատճառով, ավելացել է։ Եվ դա եղավ պատճառ, որ օրական մինչև 800-900 մեքենա սկսեց անցնել անցակետով»,- ներկայացրեց մեր զրուցակիցը։

Նա նշեց, որ բեռների զննություն իրականացվում է ամբողջ աշխարհում՝ առավելագույնը տասը տոկոս ապրանքների նկատմամբ։

«Իսկ այս դեպքում տոտալ զննություն էր իրականացվում, դա էլ նման կուտակումների պատճառ էր։ Բայց մենք՝ որպես ԵԱՏՄ անդամ պետություն, պետք է որոշակի տարբերակման արժանանայինք, ցավոք, նման բան չկա, թեև մենք բազմիցս դիմել ենք մեր պետական մարմիններին, անգամ տարբերակներ ենք առաջարկել։ Հիմա հայկական մեքենաների հոսքի ակտիվացումը գուցե բանակցությունների արդյունք է, գուցե՝ հսկողության թուլացման, չեմ կարող ասել»,- նշեց նա։

Բայց և այնպես, ըստ Թարվերդյանի, մեր տնտեսության համար այսօր բավականին տանելի պայմաններ են, հինգ-վեց օրը տանելի է մեր տնտեսության համար։

«Իսկ երբ մեքենաները մոտ մեկ ամիս կանգնած էին, դրա բանկային տոկոսը մոտավոր երկու միլիոն դոլար էր կազմում։ 3500 մեքենայի համար, միայն բանկային տոկոսն այդքան էր։ Էլ չեմ ասում, որ դրա արդյունքում կրկնակի աճել էր Հայաստանից Ռուսաստան ապրանք տեղափոխելու ծախսը»,- նշեց մեր զրուցակիցը։

Ամփոփելով խոսքը, Երվանդ Թարվերդյանը նկատեց՝ եթե այս տեմպը շարունակական լինի, ապա մեր տնտեսությունը չի տուժի։
 

Նարե Գնունի