Ադրբեջանն երբեք չի համակերպվի Արցախում հայկական և ռուսական ներկայության հետ

«Արցախ-Հայաստան նոր միջանցքի պահպանությունն իրականացնելու են ՌԴ խաղաղապահները»: Այդ մասին հայտարարել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:
Քանի որ ՔՊ-ականները «ձեռքերը լվացել» են Արցախից, արցախահայության ճակատագրից և անվտանգությունից՝ այսօր Արցախի և ինչու ոչ նաև Սյունիքի անվտանգության թիվ մեկ երաշխավորը ռուսական զինուժն է:
Ինչ կլիներ, եթե ռուսական խաղաղապահները չմտնեին Արցախ 44-օրյա պատերազմի ընթացքում՝ այսօր Ստեփանակերտում ծածանվելու էին ադրբեջանական դրոշներ, իսկ ՔՊ-ականները լայն ժպիտներով ամեն ինչի մեջ մեղադրելու էին «նախկիններին» և ՀՀ-ի ռազմավարական դաշնակից Մոսկվային, որը «չօգնեց»:
Գեոպոլիտիկ իրավիճակը Հարավային Կովկասում շարունակում է մնալ լարված՝ չնայած Փաշինյանի «խաղաղության դարաշրջանի» մասին հեքիաթներին՝ Ադրբեջանն ու Թուրքիան շարունակում են համատեղ զորավարժությունները, Բաքուն գնում է արդի զինատեսակներ, իսկ Իլհամ Ալիևը հայտարարում է, որ Արցախն երբեք չի ունենալու որևէ կարգավիճակ:
ՔՊ-ականները բանակն ամրապնդելու փոխարեն դադարել են զինվորներ ուղարկել Արցախ, իսկ Բերձորի հայաթափումն այսօրվա իշխանությունների հերթական «ձեռքբերումներից» է:
ՀՀ-ում իշխանափոխությունից հետո հենց առաջին քայլը պետք է լինի բանակի վերազինումը, Արցախի ՊԲ-ի մարտունակության բարձրացումն ու սահմանների ամրապնդումը: Ադրբեջանն երբեք չի համակերպվի Արցախում հայկական և ռուսական ներկայության հետ:
Այսպիսով, ՔՊ-ի հեռացման պարագայում հայոց պետականությունը, բանակն ու Արցախը կունենան շանս` վերականգնվելու և կրկին գործոն դառնալու տարածաշրջանում:
Վահրամ Բագրատյան