Քոչարյանը ներողություն է խնդրել, Փաշինյանը նոր դրամաներ է պատրաստում. Մամուլը՝ սուրճով

«Փաստ» օրաթերթը գրում է.
Ինչպես հայտնի է, Նիկոլ Փաշինյանը իր քպական պատգամավոր Հովիկ Աղազարյանին «հորդորել է» մանդատը վայր դնել։ Հովիկ Աղազարյանն էլ, չի բացառվում՝ հասկանալով այդ «հորդորի» անօրինականությունը, հապաղում է՝ պատճառ բերելով ինչ-որ ընկերոջ, որն «էսա-էսա» պետք է Մոսկվայից գար... Այնուհետև տեղի են ունենում ՔՊ վարչության, խմբակցության նիստեր, որտեղ ևս, ըստ տարբեր տեղեկությունների, կոչ են արել Հովիկ Աղազարյանին մանդատը վայր դնել, թեպետ ասում են՝ կան նաև քպականներ, որոնք խիստ դեմ են և հակառակն են հորդորում կուսակից ընկերոջը։
Այս ընթացքում, սակայն, տեղի ունեցավ իրադարձություն, որը, հնարավոր է, փոխել է պատգամավոր Աղազարյանի ճակատագիրը։ Մասնավորապես, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը խմբակցության դիրքորոշմանը հակառակ կարծիք է հայտնել։ Մինչ շատերը պնդում էին, թե Ռոբերտ Քոչարյանն էլ Գեղամ Նազարյանին է Փաշինյանի օրինակով «հորդորելու» մանդատը վայր դնել, Նազարյանին ընդամենը հեռացրին խմբակցությունից։ Ավելին, Գեղամ Նազարյանն ինքը հայտնեց, որ Քոչարյանը, հակառակը, հորդորել է վայր չդնել մանդատը։
Այս իրադարձության պատճառով Փաշինյանը, ըստ մեր տեղեկությունների, ինչպես ասում են՝ «ընկել է թակարդը» և առանձնապես այլևս չի պնդել Աղազարյանին ուղղված իր հորդորը՝ ըստ երևույթին, Ռոբերտ Քոչարյանի քայլից հետո բարի ու գուցե ժողովրդավար երևալու համար։ Աղազարյանն էլ իր հերթին հայտարարեց, թե խորհրդակցել է իր «խորհրդավոր ընկերոջ» հետ ու որոշել է «մերժել վարչապետի խնդրանքը»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Հանուն սեփական վարկանիշի բարձրացման Նիկոլ Փաշինյանի շոուները միայն Վոթսապով sms-ներ հղելու սկանդալային ազատումներով չեն սահմանափակվի: Առաջիկայում հնարավոր է նոր՝ դրամատիկ բեմականացումների ականատես լինենք։ Երեկ դրա մի մասին արդեն ականատես եղանք․ ՆԳՆ հատուկ ջոկատայինները քաղաքի տարբեր փողոցներից ինչ-որ գողականների էին ասֆալտին փռում ու բերման ենթարկում:
Մեկ այլ տեղեկություն էլ ստացանք. պարզվում է՝ բյուջեի հաշվին ամենաշատ շրջագայող ընտանիքի գլուխը՝ Նիկոլ Փաշինյանը, հանձնարարել է իրեն տրամադրել ինքնաթիռների բիզնես դասից օգտվող պաշտոնյաների եւ նրանց ընտանիքների ցանկը։
Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ տեղեկությունները հավաքագրելուց հետո նոր բեմադրություն է սպասվում: Ցուցադրաբար կամ ներքին կարգով Փաշինյանն անարգանքի սյունին է գամելու բոլոր նրանց, ովքեր իրենց «համեստ աշխատավարձով» կարողանում են մի քանի միլիոնանոց ուղեւորությունների մեկնել»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի իրազեկ աղբյուրները փոխանցում են, որ ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը օրերս ներողություն է խնդրել ԱԺ պատգամավորներ Հրաչյա Հակոբյանից եւ Սիսակ Գաբրիելյանից:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ նոյեմբերի 12-ին՝ ՔՊ վարչության նիստի օրը, որի ժամանակ կանչվել էին նաեւ ՔՊ գզվռտոցի «հերոսները»՝ Անդրանիկ Քոչարյանը, Սիսակ Գաբրիելյանը եւ Հրաչյա Հակոբյանը՝ հասկանալու, թե ինչու է Անդրանիկ Քոչարյանը վայրահաչում երկու պատգամավորների հասցեին, Նիկոլ Փաշինյանը կտրուկ է եղել: Նա պահանջել է Անդրանիկ Քոչարյանից կա՛մ ապացուցել, որ Սիսակ Գաբրիելյանն ու իր աներորդի Հրաչյա Հակոբյանը բիզնեսմենի «դեղ ցրողներն են» կա՛մ ողջ խմբակցության առջեւ՝ ի տես բոլորի, ներողություն խնդրել պատգամավորներից նրանց վիրավորելու եւ զրպարտելու համար:
Ինչպես արդեն հայտնել ենք, Քոչարյանը Սիսակ Գաբրիելյանին եւ Հրաչյա Հակոբյանին պիտակավորել է՝ նրանց կապելով խաղադրույքներով եւ թմրաբիզնեսով հարստացող գործարարների հետ՝ ասելով գործարարի «դեղ ցրողներ»: Եվ ահա տեղեկացանք, որ Անդրանիկ Քոչարյանը, գլուխը կախ, ՔՊ վարչության անդամների մոտ ներողություն է խնդրել Հակոբյանից եւ Գաբրիելյանից՝ իր սուտ խոսքերի եւ զրպարտությունների համար:
Նիկոլ Փաշինյանը խարդավանքների սիրահար Անդրանիկ Քոչարյանից պահանջել է նաեւ ներողություն խնդրել մյուս բոլոր ՔՊ-ականներից եւս, ում վիրավորել է, որոնց թիվը, ի դեպ, բավականին մեծ է: Ընդ որում, Փաշինյանը, պատիժը խստացնելու համար, պայման է դրել, որ Քոչարյանը մեղայական գա հենց կուսակցական նիստերի ընթացքում, բոլորի ներկայությամբ:
Անդրանիկ Քոչարյանը, սակայն, դեռ այս առումով դիմադրում է ու հրաժարվում է իր մյուս թիմակիցներից էլ ներողություն խնդրելուց՝ անտեղի պիտակավորելու ու վիրավորելու համար: Ի դեպ, Քոչարյանը կտրականապես դեմ է Երեւանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանից ներողություն խնդրել, որին բոլորի մոտ զրպարտում է, ինչի համար էլ Փամբուխչյանը դիմել է Փաշինյանին:
Դեռ միայն Փաշինյանի աներորդուց՝ Հրաչյա Հակոբյանից է ներողություն խնդրել ու Սիսակ Գաբրիելյանից»: