«Ես` Արման Բաբաջանյանս, ներողություն եմ խնդրում Արթուր Վանեցյանից». դատարանը սահմանել է Արման Բաբաջանյանի ներողության տեքստն ու ձևը

«Ես` Արման Բաբաջանյանս, ներողություն եմ խնդրում Արթուր Վանեցյանից». դատարանը սահմանել է Արման Բաբաջանյանի ներողության տեքստն ու ձևը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Նաիրա Ավետիսյանի նախագահությամբ, պարտավորեցրել է ԱԺ նախկին պատգամավոր Արման Բաբաջանյանին՝ հերքել «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի վերաբերյալ տարածած զրպարտություն հանդիսացող տվյալները և ներողություն խնդրել:

Հիշեցնենք, որ Արթուր Վանեցյանի կողմից ընդդեմ Արման Բաբաջանյանի հայցադիմում էր ներկայացնելու պատճառ էր դարձել վերջինիս հարցազրույցը, որտեղ հայտարարել էր, թե, իբր, Վանեցյանը օտար շահի է սպասարկում:

Ավելին, Բաբաջանյանը մի շարք գործիչների, որոնց թվում` Արթուր Վանեցյանին, համարել էր անհայրենիքներ` պնդելով, թե «Դոսյեում» նշված «Կանդիդատ» անունով անձը Վանեցյանն է; «Պիտի ասեմ, որ այսօր ամբողջ խաղադրույքը նրա վրա է դրված»,-հայտարարել էր Բաբաջանյանը`ավելացնելով, թե նա «վաճառվել» է ամբողջությամբ ռուսական հատուկ ծառայությունների այն շրջանակին, ովքեր կարող են այս կամ այն կերպ հետաքրքրություն ունենալ Հայաստանում փոփոխությունների հետ»:

Հայցվոր կողմի դիտարկմամբ՝ հրապարակված տեղեկությունները զրպարտություն են, իսկ «անհայրենիք» արտահայտությունը՝ վիրավորանք, որոնցով արատավորվել է Արթուր Վանեցյանի պատիվը և արժանապատվությունը:

Դատաքննության արդյունքում դատարանը գտել է, որ Արման Բաբաջանյանը զրպարտել է Վանեցյանին, որ հայցվորի պահանջը հիմնավոր է և պարտավորեցրել է Բաբաջանյանին՝ www.factor.am կայքով բանավոր խոսքի միջոցով հրապարակայնորեն հերքել Արթուր Վանեցյանի պատիվը և արժանապատվությունը արատավորող և զրպարտություն հանդիսացող տվյալները ու ներողություն խնդրել Արթուր Վանեցյանից՝ սահմանելով ներողություն խնդրելու հետևյալ ձևը.

«Ես` Արման Բաբաջանյանս, ներողություն եմ խնդրում Արթուր Վանեցյանից, վերջինիս հասցեին www.factor.am կայքով բանավոր խոսքի միջոցով հրապարակայնորեն հերքել նույն կայքում 18.09.2020թվականին հրապարակված «Վանեցյանն է «Դոսյեի» Կանդիդատ անունով անձը․ նա վաճառված է ռուսական հատուկ ծառայություններին․ Արման Բաբաջանյան» վերտառությամբ տեսանյութում նրա վերաբերյալ հնչեցված «անհայրենիք» վիրավորական արտահայտության համար»:

Միաժամանակ դատարանը որոշել է Արման Բաբաջանյանից հօգուտ Արթուր Գագիկի Վանեցյանի բռնագանձել 500․000 ՀՀ դրամ՝ որպես զրպարտության և 300․000 ՀՀ դրամ՝ որպես վիրավորանքի համար փոխհատուցման գումար, 300.000 ՀՀ դրամ՝ որպես դատական ծախս՝ փաստաբանի խելամիտ վարձատրության գումար և 24.000 ՀՀ դրամ՝ պետական տուրքի գումար: