Քաղցկեղի հազվագյուտ, բայց վտանգավոր տեսակ. ի՞նչ է սարկոման և որտեղ կարող է առաջանալ

Քաղցկեղի հազվագյուտ, բայց վտանգավոր տեսակ. ի՞նչ է սարկոման և որտեղ կարող է առաջանալ

Սարկոման չարորակ նորագոյացությունների բավականին մեծ խումբ է, որոնք ձևավորվում են շարակցական հյուսվածքի բջիջներից: Սարկոման կարող է առաջանալ ոսկրային հյուսվածքում (օստեոսարկոմա), աճառային հյուսվածքում (խոնդրոսարկոմա), ճարպային հյուսվածքում(լիպոսարկոմա), մկանային հյուսվածքում(միոսարկոմա), ինչպես նաև արյունատար և ավշային անոթների պատում:

Սարկոմայի որոշ տեսակներ ունեն էպիթելային կամ էկտոդերմալ ծագում, ինչը բնորոշ է քաղցկեղին: Սարկոման բավականին հազվադեպ հանդիպող հիվանդություն է: 

Սարկոման վտանգավոր է նրանով, որ սկզբնական փուլերում ընթանում է գրեթե անախտանիշ: Ցավային ախտանիշներն առաջանում են ավելի ուշ շրջաններում, երբ արդյունավետ բուժման հավանականությունը նվազագույն է: Սարկոմաներն առանձնանում են արագ աճով, այդ պատճառով բուժումը հաճախ ուղղված է հիվանդի կյանքը երկարացնելուն և տառապանքը նվազեցնելուն: Սակայն, հարկ է նշել, որ սարկոմայի որոշ տեսակներ (ոսկրային, հարոսկրային) բնորոշվում են շատ դանդաղ աճով, և մի քանի տարիների ընթացքում կարող են չդրսևորվել:


Հաճախ սարկոմաները տարածվում են դեպի թոքեր, հազվադեպ կարող են մետաստազներ տալ տեղաշրջանային ավշային հանգույցներում:

Սարկոմայի տեսակով և տեղակայմամբ պայմանավորված՝ հիվանդին կարող են անհանգստացնել ներքոնշյալ ախտանիշները.

 

Օստեոսարկոմայի ժամանակ ախտահարման շրջանում առաջանում են ցավեր: Որպես կանոն, ցավերն ուժեղանում են գիշերը և սովորական ցավազրկողներից չեն անցնում: Օստեոսարկոմայի ժամանակ նաև նկատվում է այտուցվածություն, մաշկային ծածկույթների գերարյունություն, թուլություն և ախտաբանական կոտրվածքներ:

Ուղեղի սարկոմայի ժամանակ հիվանդին անհանգստացնում են գլխացավերը և գլխապտույտները, հոգեկան խանգարումները, էպիլեպտիկ ցնցումները, տեսողության խանգարումները և փսխումը:

Թոքերի սարկոման բնութագրվում է կլման դժվարացմամբ, հևոցով, պլևրիտով, դյուրհոգնելիությամբ և անբուժելի թոքաբորբով:

Արգանդի սարկոմայի ժամանակ որովայնի շրջանում առաջանում են ցավեր, ճնշման զգացողություն, հեշտոցից արյունային արտադրություն, որոնք կապված չեն դաշտանային ցիկլի հետ: