Հայաստանում աշխատատեղերի ավելացումը զարմանալի չէ, այդ մասին խոսելը քարոզչություն է․ տնտեսագետ

Նախարարի հայտարարությունն ուղղակի քարոզչություն է։ Այդ մասին MediaHub.am-ի հետ զրույցում ասաց ՀՊՏՀ «Ինովացիոն և ինստիտուցիոնալ հետազոտություններ» գիտաուսումնական լաբորատորիայի ղեկավար, տնտեսագետ Ատոմ Մարգարյանը՝ անդրադառնալով էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի հայտարարությանը, թե Հայաստանում աշխատաշուկան շարունակում է վստահորեն աճել՝ հունիս ամսին թարմացնելով իր լավագույն ցուցանիշը, երբ մենք ունեցել ենք 681,050 աշխատատեղ, ինչը մոտ 8,000-ով ավել է, քան դրա նախորդ ամիսը, իսկ անցած տարվա հունիսի նկատմամբ աճը կազմել է ավելի քան 37,000։
Ըստ Մարգարյանի՝ զբաղվածության դինամիկայից խոսելիս այն պետք է համադրել մյուս մակրոտնտեսական ցուցանիշների հետ։
«Աշխատատեղերի ավելացումը չի ազդել գործազրկության մակարդակի վրա, որը 14,8% է, ինչը մեծ ցուցանիշ է, դա պետք է հասկանալ։ Բացի այդ, պետք է նայենք, թե դրանք ի՞նչ աշխատատեղեր են, արդյոք բարձր վարձատրում կապահովվե՞ն, և արդյոք դրանք բերե՞լ են մարդկանց ընտանիքների եկամտի աճի, թե՞ ոչ»,- ասաց տնտեսագետը։
Ատոմ Մարգարյանի խոսքով՝ հիմա զբաղվածների յոթանասուն տոկոսը ստանում է մինչև 150 հազար դրամ աշխատավարձ, որն ավելի ցածր է, քան միջին աշխատավարձը, որը մոտ 220 հազար դրամ է։
«Հիմա հստակ վերլուծություններ են պետք։ Շատ քիչ է հայտարարելը, թե այսքանով աճել են աշխատատեղերը։ Հնարավոր է՝ այդ աճը տեղի է ունեցել ցածր վարձատրվող աշխատատեղերի ավելացման հաշվին, և դրա փոխարեն բարձր եկամտաբեր աշխատատեղերը կրճատվել են։ Մյուս կողմից, զարմանալի չէ այդ աճը, եթե նկատի ունենանք, թե ինչպիսին են եղել նախորդ տարիները՝ համաճարակի և պատերազմի հետևանքով»,- նկատեց տնտեսագետը։
Ըստ նրա՝ պետք է հաշվի առնել, որ Հայաստան տնտեսական հոսքն ակտիվացել է՝ ելնելով ռուս-ուկրաինական պատերազմից։
«Շատ ուկրաինացիներ իրենց բիզնեսը Հայաստանում են գրանցել, բնականաբար, հավելյալ աշխատատեղեր են ստեղծել։ Դա արտառոց բան չէ։ Ավելին կարող էր լինել, եթե չլիներ այն խտրական քաղաքականությունը, որ վարվում է բիզնեսի նկատմամբ»,- նշեց տնտեսագետը։
Ատոմ Մարգարյանի դիտարկմամբ՝ Հայաստանում աշխատուժի առաջարկը ավելի քան 1 միլիոն 250 հազար է։
«Այսինքն՝ այդքան մարդ կարող է աշխատել, ու եթե այդ թիվը համեմատենք 681,050 -ի հետ, կտեսնենք, նախարարի ներկայացրած թիվը շատ ցածր է»,- շեշտեց տնտեսագետը։
Ատոմ Մարգարյանի խոսքով՝ նախ պետք է աշխատաշուկան դիտարկվի, ուսումնասիրվի։
«Բացի այդ, երբ խոսում են քանակի մասին՝ բաց թողնելով աշխատանքի արտադրողականության հարցը, ստացվում է, որ դու մեդալի միայն մի կողմն ես ցույց տալիս։ Արդյոք այդ աշխատատեղերի ավելացմամբ արտադրողականությունը բարձրացե՞լ է, սա հարց է, որին պետք է նախարարը պատասխանի»,- եզրափակեց խոսքը Ատոմ Մարգարյանը։
Մերի Գևորգյան