Եթե Վենետիկ չեք կարողանում գնալ, հոգ չէ. Երևանում կրկին հեղեղ էր

Կրկին անձրև, ու կրկին Երևանը մի քանի ժամով դարձել էր Վենետիկ: Իսկ մարդիկ ասում են՝ ոչ մի դրական բան չկա. տեսե՛ք, էլ վիզայի կարիք չկա, իշխանությունները «հոգ են տանում մարդկանց մասին», և եթե Վենետիկ չեք կարողանում գնալ, ապա հոգ չէ, այն կգա ձեզ մոտ տարեկան մի քանի անգամ․․․
Երեկվա հեղեղը իր ուժգնությամբ չզիջեց նախորդին՝ մի քանի րոպեների ընթացքում փողոցներն անցան ջրի տակ, գետեր էին հոսում, խոչընդոտելով ոչ միայն մարդկանց, այլև մեքենաների տեղաշարժը, իսկ որոշ հատվածներում մեքենաները բառի ամենաուղիղ իմաստով լողում էին ջրի մեջ, քանի որ երևանյան թունելները վերածվեցին լողավազանի:
Ինչպես տեղեկացնում են ՆԳՆ–ից, հորդառատ անձրևից առաջացած դեպքերի, պատահարների վերաբերյալ գերատեսչությունը ստացել է 65 ահազանգ (էլ․լարերի կարճ միացման, սելավատարերի և դիտահորերի խցանման, ջրալցումների վերաբերյալ)։ Երևան քաղաքում արձանագրվել է 26 դեպք, այդ թվում Երևան քաղաքի տարբեր վարչական շրջաններում․ Ավան՝ 1, Մալաթիա-Սեբաստիա՝ 1, Կենտրոն՝ 18, Քանաքեռ-Զեյթուն՝ 1, Նոր Նորք՝ 4, Նորք Մարաշ՝ 1 և Արարատի մարզում՝ 1։ Ջրահեռացման աշխատանքներ են իրականացվել 6 դեպքում։ Մի շարք հասցեներից փրկարարներն իրականացրել են ջրահեռացում․ հեռացրել են մոտ 228 տոննա ջուր։ Արգելափակումից դուրս է բերվել 8 տրանսպորտային միջոց։
MediaHub-ը բազմաթիվ ահազանգեր է ստացել քաղաքացիներից մայրաքաղաքում տիրող այս խայտառակ վիճակի կապակցությամբ։
«Կա՛մ պետք է ռեզինից ջրայակայուն նոր սապոգներ գնել, կա՛մ սուզանավերով երթևեկել, էս ի՞նչ բան է կատարվու, ամեն ուրբաթ, ու հարցը չի լուծվում, մեքենամները մնացել են ջրի տակ, սա՞ նորմալ է։ Այս տարվա բյուջեով 1 մլրդ 823 մլն դրամ է տրամադրվել ջրահեռացման կոմունիկացիոն ցանցերի կառուցմանը։ Ո՞ւր են գնացել այդ գումարները»,– նշում է ահազանգած քաղաքացին:
«Ասֆալտապատելուց ջրահեռացման լյուկերը թողել են ասֆալտի տակ, դե բա մարդիկ Երևանը Դուբայի հետ են համեմատում, մեզ էլ նախատում, թե շատ ենք բողոքում։ Փաշինյանի խոստացած ապագան ա, բարով վայելեք։ Էս ինչ էր քաղաքում, գետի մեջ էինք»,– նշում է այլ քաղաքացի։
«Երևան քաղաքում արտադրվել է նոր տրանսպորտ, «սուզամեքենա»…. ապագա կա, կա ապագա, էս հարցը մոտ քսան տարի չի լուծվում, լավ, ինչքա՞ն ա կարելի»,– դժգոհում է մյուսը։
«Այս տարի էլ աշունն անսպասելի եկավ, չհասցրեցին ջրահեռացման համակարգը մաքրել, երևի սպասում էին ապրիլին է գալու, իսկ աշունը բռնեց ու սեպտեմբերին եկավ, դեռ հետն էլ անձրևներ բերեց»,– ոմանք էլ կատակում են։
«Ասֆալտ անելուց լյուկերն էլ հետն են ասֆալտել, 15 րոպե անձրև եկավ, քաղաքը ջրով լցվեց, մեքենաս էլ մնաց ջրի տակ։ Ինչ-որ մի ձև պետք ա նախկինների վրա քցեն, սենց չի լինի, ջրատարները փակել են, ծախել են...»,– սա էլ քաղաքական հումորի շարքից է։
Նշենք, որ առավոտվանից սոցցանցերը ողողված են վարորդների՝ իրենց կորած պետհամարանիշների փնտրտուքների հայտարարություններով: Մեծամասնությունը նշում է, որ հույս չունեն, թե ինչ-որ բան կփոխվի, և որ հաջորդ անձրևին քաղաքը նույն վիճակում չի հայտնվի:
Մարիաննա Արամյան