Չինացի երկվորյակները 30 տարվա բաժանումից հետո իմացել են միմյանց մասին ու հանդիպել (լուսանկար)

Չինացի երկվորյակները 30 տարվա բաժանումից հետո իմացել են միմյանց մասին ու հանդիպել (լուսանկար)

Չինաստանից երկվորյակները 30 տարվա բաժանումից հետո նորից միացել են և զարմացել են իրենց ճաշակների նմանությունից։ Այս մասին հայտնում է South China Morning Post-ը։

Նրանք բաժանվել էին վաղ մանկության տարիներին։

Երկվորյակ քույրերը՝ ավագ Սուն Յեն և կրտսեր Լյու Յանը, որդեգրվել էին տարբեր ընտանիքների կողմից ծնվելուց անմիջապես հետո՝ 1991 թվականին։ Յոթ տարեկանում Սուն իմացել էր, որ որդեգրված դուստր է, իսկ ավելի ուշ, որ երկվորյակ քույր ունի։ Տարիներ անց Սունը պատահաբար գտել էր Լյուի սոցիալական ցանցի պրոֆիլին: Չինուհին զարմացել էր նրանց նմանության վրա եւ անմիջապես հասկացել էր, որ իր քույրն է։ Սունը պարզել էր, թե որտեղ է նա աշխատում ու փորձել հանդիպել նրան, բայց ուշացել էր։ Լյուն արդեն ազատվել էր այդ աշխատանքից:

Հետո Սունը գտել էր քրոջ ամենամոտ ընկերուհու հեռախոսահամարն ու նրա միջոցով ասել Լյուին, որ երկվորյակ քույր ունի : Լյուն չէր իմացել, որ մեծացել է խնամատար ընտանիքում, ուստի սկզբում կարծել էր, թե Սունը խաբեբա է: Սակայն մորաքույրը, ում հետ նա որոշել էր խոսել, հաստատել էր, որ իրեն որդեգրել են և բաժանել երկվորյակ քրոջից մանկության տարիներին։

Լյուն ազգականի հետ խոսելուց հետո համաձայնել էր հանդիպել Սունի հետ։ Քույրերը զարմացել են, երբ պարզել են, որ ունեն նույն սանրվածքը, ձայնի տեմբրն ու հագուստի ոճը։ Բացի այդ, երկվորյակներն իրենց որդիներին անվանել են նույն անգլերեն անունով՝ Քևին: Ըստ Լյուի և Սունի՝ նրանք անմիջապես լեզու են գտել: Նրանց հաջողվել է գտնել նաև կենսաբանական ծնողներին։

Այժմ քույրերը պարբերաբար միասին ժամանակ են անցկացնում ու նույնիսկ հագուստի երկու խանութ են բացել միասին։ «Հիանալի կլիներ, եթե մենք միասին մեծանայինք, բայց ես հուսով եմ, որ այժմ մենք կարող ենք երջանիկ անցկացնել մեր կյանքի մնացած մասը»,- ասել է Սունը: