Գերթանկարժեք ավիատոմս են գնել Ավինյանի համար, Քննիչ հանձնաժողովը գործի է անցել. Մամուլը՝ սուրճով

Գերթանկարժեք ավիատոմս են գնել Ավինյանի համար, Քննիչ հանձնաժողովը գործի է անցել. Մամուլը՝ սուրճով

«Հրապարակը» գրում է․ Արցախի ժողովրդի սոցիալ-տնտեսական իրավունքների հարցով քննիչ հանձնաժողովն անցած շաբաթ նիստ է հրավիրել։ Չնայած ՔՊ-ականները մերժել են հանձնաժողով ստեղծելու առաջարկը, սակայն ԱԺ կանոնակարգով՝ իրավունքի ուժով, այն համարվում է ստեղծված, պարզապես կազմը չի ձեւավորվել։ ԱԺ ընդդիմությունը որոշել է կյանքի կոչել այդ հանձնաժողովը եւ սեփական թիմով նիստեր գումարել` պատկան գերատեսչություններից պատասխանատուներ հրավիրել, փորձել լուծում տալ արցախցիների խնդիրներին։

Անդրանիկ նիստում որոշել են ենթահանձնախմբեր կամ ենթախմբեր ձեւավորել, պատասխանատուներ նշանակել՝ նաեւ քաղաքացիության, բնակարանային հարցերի գծով, քաղաքական, որը կզբաղվի Արցախի հարցը որպես բանակցային առարկա առաջ մղելու քարոզչությամբ։ Նիստին մասնակցել են նաեւ Արցախի խորհրդարանի պատգամավորներ Մետաքսե Հակոբյանը, Դավիթ Գալստյանը, «Ազատ հայրենիքից» Աշոտ Դանիելյանը եւ Արցախի սոցապնախարարը։

 

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը փոխել է խորհրդարանում իր՝ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը՝ այնտեղից գնալով ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողով։ ՔՊ-ում սա հերթական անգամ խոսակցությունների նոր առիթ է տվել, թե իրականում ինչու է Հասմիկ Հակոբյանը փոխել հանձնաժողովը:

«Ժողովուրդ» օրաթերթին ՔՊ-ականներից մի քանիսը պատմեցին, որ խմբակցության ղեկավարության ու ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի մոտ ՔՊ-ականները հարց են բարձրացրել՝ ինչպես է ստացվում, որ իրենց գործուղումների հերթ չի հասնում, բայց կան արտոնյալներ, որոնք աչք չեն բացում գործուղումներից, իսկ այդ արտոնյալներից մեկն էլ, ՔՊ-ականները պնդել են, որ հենց Հասմիկ Հակոբյանն է։ Պատճառն այն է, որ Հասմիկ Հակոբյանը, երբեմն չարաշահելով իր եւ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի մտերմությունը, օգտագործելով նաեւ ԱԺ աշխատակազմի ղեկավար Դավիթ Առաքելյանի հետ հարաբերությունները, առաջինն է տեղեկանում ԱԺ ուղարկվող հրավերների մասին, հետո որոշում՝ որ ձեւաչափին է ցանկանում մասնակցել, եւ ինչպես որոշում է, այդպես էլ լինում է: Դրա համար էլ նա է ամենահաճախը գործուղումների մեկնում, ինչը ակնհայտորեն խանդի տեսարաններ է սարքել ՔՊ խմբակցությունում, որտեղից էլ բողոքները հասել են «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն:

Հասմիկ Հակոբյանն էլ իր մտերիմների շրջապատում անկեղծացել է՝ որպեսզի թիմում խոսակցությունները հանդարտվեն, եւ լեգալ բացատրություն լինի, պետք է փոխել հանձնաժողովը: Քանի որ, աշխատանքի բնույթով պայմանավորված, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամներն ավելի հաճախ են գործուղումների մեկնում, այս հանձնաժողովի անդամ լինելը լավ պատրվակ է, որպեսզի գործուղումների նպատակն արդարացվի։

 

«Ժողովուրդ»-ի հետ զրույցում ՔՊ խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը հաստատեց, որ փոխել է հանձնաժողովը, իսկ առաջարկն արել է խմբակցության ղեկավարությունը եւ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը.

«Ես 2021 թվականին հաստատվել եմ որպես ՀՀ պատվիրակության անդամ Inter-Parliamentary Union-ում: Այդ պատվիրակությունն ունի 8 անդամ Հայաստանի խորհրդարանում, որոնցից մեկը ես եմ: Սեպտեմբերին այդ կառույցի երիտասարդական համաժողովը Հայաստանում եղավ, իմ գործուղումների մեծ մասը, 2021 թվականից սկսած, հենց այս միջազգային կառույցի անդամ լինելով է պայմանավորված. լինում են լիագումար նիստեր, հանձնաժողովի նիստեր, որոնցից մեկի փոխնախագահն եմ նաեւ։

Այսինքն՝ իմ գործունեության մաս է կազմում այս կառույցի աշխատանքներին մասնակցելը, եւ իմ գործուղումների մեծ մասն էլ սրանով է պայմանավորված. ուստի եթե կա առավելություն մյուս պատգամավորների համեմատությամբ, սրանով է պայմանավորված: Ինձանից ավելի հաճախ գործուղվող պատգամավորներ էլ կան՝ կախված միջազգային կազմակերպություններում իրենց ակտիվությունից:

Դա պատգամավորի գործունեության մաս է, ոչ թե վոյաժ՝ ինչպես պատկերացնում են։ Ի դեպ, արտաքին հարաբերությունների հանձնաժողովում ընդգրկելու առաջարկն արել են հանձնաժողովի նախագահը եւ մեր խմբակցության ղեկավարությունը»:

Իսկ թե իր որ հնարավորությունները, մտավոր կարողություններն են նպաստել քաղաքական նման որոշման կայացմանը, պատգամավորը չբացատրեց:

Հիշեցնենք, որ Հասմիկ Հակոբյանը, մինչեւ պատգամավոր դառնալը, եղել է հայտնի «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարի ադմինիստրատիվ աշխատակից, հետո Ալեն Սիմոնյանի ղեկավարած «Արարատնյուզ» կայքում է աշխատել եւ արտաքին հարաբերությունների հետ որեւէ առնչություն չի ունեցել»:

 

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ունենալով առնվազն վեց օր` ինչո՞ւ է քաղաքապետի ավիատոմսը գնվել «մեկ անձից» ընթացակարգով՝ առանց մրցույթի:

Պետական գնումների օրենքի՝ «մեկ անձ» ընթացակարգի տրամաբանությունը հետեւյալն է, օրինակ.

• եղել է ջրհեղեղ, եւ նավակներ ձեռք բերելու համար չկա մրցույթ անցկացնելու բավարար ժամանակ, հետեւաբար գնումը իրականացվում է հրատապ` «մեկ անձ»-ից։

• Շուկայում չկա նման ապրանք, այլ կազմակերպություն (օրինակ գազ, ջուր, այլ), հետեւաբար գնումը իրականացվում է «մեկ անձ»-ից։

Սակայն Ավինյանի՝ ԱՄՆ մեկնելը ամենեւին արտակարգ իրավիճակ չէր, այլ նախապես պլանավորված գործողություն. անգամ 7 մլն դրամից ավելի ավիատոմսի համար վճարելու ճոխությունը եղել է նախապես պլանավորված:

Տիգրան Ավինյանի՝ Լոս Անջելեսի գերթանկարժեք ավիատոմսը կարող էին ձեռք բերել շուկայի մի քանի տասնյակ ավիատոմսեր վաճառող կազմակերպություններից. ավելին՝ դրա համար կար առնվազն վեց օր, բաց չեն արել: «Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական աղբյուրներից տեղեկացավ, որ Ավինյանի՝ ԱՄՆ մեկնելու որոշման` 15.11.2024 եւ ավիատոմսի ձեռքբերման` 21.11.2024 միջակայքում 6 օր Ավինյանը ոչինչ չի արել, եւ քաղաքապետարանը, խախտելով մրցակցային սկզբունքը, թանկարժեք տոմս է գնել քաղաքապետի համար։

Եվ ինչ էլ որ բացատրի Ավինյանը, անհնար է, որ տրամաբանական հնչի:

Ինչո՞ւ, որովհետեւ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ս/թ նոյեմբերի 15-ից մինչեւ նոյեմբերի 21-ը քաղաքապետ Ավինյանը արձակել է գնումների հանձնաժողովներ ձեւավորելու տասնյակ կարգադրություններ, սակայն, չգիտես ինչու, Լոս Անջելեսինը չկա։

Իսկ մինչ քաղաքապետ դառնալը նա երբեք բիզնես կլասով ԱՄՆ չի մեկնել. անգամ հայտնի բանավեճի օրը ասաց այդ մասին»: