ԱԱԾ մեկուսարանը փակվում է, Ի՞նչ տարածքներ են զիջվելու Վրաստանին. Մամուլը՝ սուրճով

ԱԱԾ մեկուսարանը փակվում է, Ի՞նչ տարածքներ են զիջվելու Վրաստանին. Մամուլը՝ սուրճով

«Հրապարակ» օրաթերթը գրում է․

Նոր Նորքի ոստիկանական բաժանմունքի վրա օրերս տեղի ունեցած զինված հարձակման մեջ իշխանական թիմն արտաքին հետք է տեսնում։

Ներքին զրույցներում ՔՊ-ականներն ասում են, որ Արեւմուտքը մեծացնում է ճնշումն իշխանության վրա, որ օր առաջ գնան զիջումների՝ կնքելով խաղաղության պայմանագիրը, որից հետո վերջապես կիրականանա իրենց երազանքը՝ ռուսներին Հայաստանից դուրս մղելու հարցում։

Եվ քանի որ հարձակում գործողները կապ ունեն «Սասնա ծռերի» հետ` նրանց համակիրներից են, իսկ «ծռերն» արեւմտյան հովանավորչություն են վայելում, կարծում են, որ սրանով Արեւմուտքը Փաշինյանին նախազգուշացնում է՝ եթե չգործի, իրեն կփոխարինեն առավել ռադիկալ իշխանությամբ, որը կկատարի իրենց պահանջները։

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

««Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկը՝ բոլորին հայտնի ԱԱԾ մեկուսարանը, կփակվի: Կոտայքի մարզում «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի կողքը նոր բանտ է ստեղծվելու։ 

Այս նոր ստեղծվելիք բանտ կտեղափոխվի Նուբարաշեն, Վարդաշեն, Դատապարտյալների հիվանդանոց եւ «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկների ողջ անձնակազմը՝ դատապարտյալների եւ կալանավորների հետ միասին։

«Ժողովուրդ» օրաթերթը արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանից հետաքրքրվեց՝ ԱԱԾ մեկուսարանը փակվելու է արդյոք, ինչին ի պատասխան՝ նախարարը հայտնեց՝ նոր ՔԿՀ ստեղծելուց հետո, այո՛, կփակվի»:

«Հրապարակ» օրաթերթը գրում է․

ՄԱԿ ղեկավար, ՔՊ խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը հնարավոր է առաջիկա շաբաթներին վայր դնի պատգամավորական մանդատը: Պատճառը, ըստ մեր աղբյուրի, գործող իշխանությունների վարած տնտեսական քաղաքականության հետ ունեցած անհամաձայնությունն է, որն առաջացել է մոտ մեկ տարի առաջ: Արսենյանն իր շրջապատում չի թաքցրել, որ դեմ է գույքահարկի թանկացմանը եւ այլ «ռեֆորմների», որոնցով այս իշխանությունները, ըստ էության, ոտնահարում են ՀՀ քաղաքացիների հիմնարար իրավունքները։ Թե ինչու Արսենյանն այս ընթացքում չի հրաժարվել մանդատից` ձգվել է հարցը, կարծում ենք՝ ՌԴ-ում ՀՀ դեսպան դառնալու գործընթացն է առկախել այն:

Ինչպես հայտնի է, դեռեւս անցած սեպտեմբերին ՀՀ իշխանությունները Ռուսաստանի ԱԳՆ են ուղարկել Արսենյանին դեսպան նշանակելու հայտը, բայց ագրեմանն այդպես էլ չի եկել, ինչը նշանակում է, որ ՌԴ-ն մերժել է հայտը։ Իսկ երեկ արդեն կրեմլյան շրջանակներին հարող բլոգերները տարածում էին, որ ՌԴ-ն արգելել է մի շարք իշխանականների մուտքը Ռուսաստանի Դաշնություն, որոնց թվում նաեւ Գ. Արսենյանի անունն է։

Նշենք, որ ՌԴ-ն արգելել է նաեւ Արցախի ՀԿ սեկտորից ակտիվ հակառուս համարվող Տիգրան Պետրոսյանի մուտքը: Երեկ նա հայտնել է, որ մեկնել է Մոսկվա, սակայն օդանավակայանում ձերբակալել են եւ մի քանի ժամ հետո վերադարձրել Երեւան։

Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

«Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի գլխավորած՝ Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության հարցերով հանձնախումբը այս օրերին Եվրոպայում եւ ԱՄՆ-ում ինտենսիվորեն հանդիպումներ է ունենում տարբեր բարձրաստիճան պաշտոնյաների հետ:

Ինչպես մեզ փոխանցում են, արտերկրում տարվող այս բանակցությունների հիմնական թեման բռնի տեղահանված արցախցիների հետվերադարձն է:

Չնայած Ադրբեջանի բռնապետ Ալիեւը ամեն առիթով սպառնում է արցախցիներին ու ոչնչացնում է հայկական հետքն օկուպացված Արցախում, իսկ Հայաստանի իշխանություններն առհասարակ ամուր փակել են Արցախի թեման, Արցախի վտարանդի իշխանությունները կարծում են, որ միջազգային բարձր եւ հուսալի երաշխիքների ներքո հնարավոր է արցախցիների վերադարձը:

Ահա այս օրակարգով Վարդան Օսկանյանը գործուղվել է արտերկիր:

Արցախի իշխանական եւ ընդդիմադիր շրջանակները, մի կողմից, համարում են, որ այս հանդիպումներով ու քննարկումներով չեն կարող «սարեր շուռ տալ», քանի որ միայն ՀՀ իշխանություններն են իրավասու պաշտոնապես բանակցել Արցախի հարցով, մյուս կողմից՝ համարում են, որ այսպիսով տաք են պահում Արցախի թեման ու ինչ-որ բան կարող են փոխել:

Մեր տեղեկություններով՝ առաջիկայում Վարդան Օսկանյանը վերադառնալու է եւ պատրաստվում է Արցախի կառավարության եւ պատգամավորների հետ հանդիպում ունենալ՝ ներկայացնելու իր վարած բանակցությունների արդյունքները:

Թե ինչ կտան Օսկանյանի վարած բանակցությունները, պարզ չէ, բայց, ինչպես ասում են, «ջուրը կաթիլ-կաթիլ քար կծակի», իսկ ոչ պաշտոնական մակարդակով բանակցությունները, վստահաբար, ոչինչ չանելուց ավելի լավ է:

Նկատենք նաեւ, որ Արցախի հարցով այս բանակցությունները նաեւ Հայաստանի իշխանությունների դժգոհությունն են առաջացրել, ու դա արտահայտվեց Հայաստանի ներկայիս արտգործնախարար Արարատ Միրզոյանի շուրթերով:

Վերջինս ԱԺ-ում, անդրադառնալով Օսկանյանի գործունեությանը, այն որակել էր «փարիսեցիություն»։

«Մենք ջանքեր գործադրեցինք, որպեսզի ԼՂ հայությունը կարողանա մնալ Լեռնային Ղարաբաղում. չսատարել այդ ջանքերին եւ այդ ամենը բնութագրել որպես դավաճանական գործունեություն, դրանից հետո գալ եւ զբաղվել ԼՂ հայերի վերադառնալու հեռանկարով փարիսեցիության տպավորություն է թողնում»,- ասել էր Միրզոյանը»: