ՌԴ ռազմաբազաները Հայաստանից հանելու հարց չի քննարկվում. Փաշինյան

ՌԴ ռազմաբազաները Հայաստանից հանելու հարց չի քննարկվում. Փաշինյան

Գոնե այս պահին իմ նկարագրած դեպքերի շրջանակներում մենք առավելություններ, ցավոք, չենք տեսել։ Այս մասին Wall Street Journal-ի հետ զրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին՝ Ռուսաստանի ռազմական ներկայությունը Հայաստանում առավելությո՞ւն, թե՞ խոչընդոտող հանգամանք է։

«2021 թվականի մայիսին, 2022 թվականի սեպտեմբերին Ադրբեջանն ագրեսիվ գործողություններ է իրականացրել Հայաստանի նկատմամբ և տարածքներ է օկուպացրել: Հավաքական անվտանգության պայմանագրի մեջ և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության կանոնադրության մեջ հստակ նշված են այն գործողությունները, թե ինչ պետք է տեղի ունենա, երբ անդամ երկրի նկատմամբ ագրեսիա է տեղի ունենում: Նկարագրվածը տեղի չի ունեցել և, բնականաբար, դա հիասթափեցնող է և՛ Հայաստանի կառավարության, և՛ հայ հանրության համար: Նաև Ռուսաստանի հետ մենք անվտանգության ոլորտում երկկողմ պայմանագիր ունենք, և այդ պայմանագրում նկարագրված գործողությունները նույնպես տեղի չեն ունեցել, ինչը նույնպես շատ լուրջ հարցեր է առաջացրել և՛ Կառավարության, և՛ հանրության շրջանում»,- ասել է նա՝ պատասխանելով Ռուսաստանի հետ հարաբերությունների մասին հարցին։

Անդրադառնալով այլ գործընկերների հետ հարաբերություններին՝ Փաշինյանն ասել է․ «ավելի ճիշտ և անկեղծ կլինեմ, որ ասեմ, որ այս իրադրությունները, ըստ էության, մեզ բերել են մի որոշման, որ մենք պետք է անվտանգային ոլորտում մեր հարաբերությունները դիվերսիֆիկացնենք։ Եվ մենք հիմա փորձում ենք դա անել»։

Սակայն ռազմաբազաները Հայասստանից հանելու հարց, ըստ Փաշինյանի, չեն քննարկում։ «Մենք նման հարց չենք քննարկում: Մենք հիմա ավելի շատ քննարկում ենք այլ հարցեր, փորձում ենք հասկանալ, թե ի՞նչն է նման իրադրության պատճառը, և, իհարկե, նաև կարծում եմ՝ սա Հայաստանի և Ռուսաստանի, Հայաստանի և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության միջև աշխատանքային քննարկումների օրակարգ կլինի»։