Փոխոստիկանապետը մանրամասներ է հայտնել Մասիսի քաղաքապետարանում տեղի ունեցած դեպքից

Փոխոստիկանապետը մանրամասներ է հայտնել Մասիսի քաղաքապետարանում տեղի ունեցած դեպքից

ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը մանրամասներ է ներկայացրել Մասիսի համայնքապետարան զինված տղամարդու ներխուժման դեպքի վերաբերյալ:«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում, անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ է ոստիկանությունը միանգամից հայտարարել, որ տղամարդը ինքնասպան է եղել, Ֆիդանյանն ասաց.

«Որոշակի ժամանակ այնտեղ ոստիկանության կողմից իրականացվել են հատուկ գործողություններ՝ փորձելով բանակցությունների միջոցով հասնել այն բանին, որ տվյալ անձը կամավոր դուրս գա և ներկայանա ոստիկանություն: Իսկ, թե ինչու միանգամից հայտարարեցինք, որ ինքնասպանություն է տեղի ունեցել, որովհետև այդ ընթացքում ոստիկանությունը որևէ հատուկ գործողություն, որ ուղղված կլիներ շենքի վրա հարձակման, չի իրականացրել, շենքում այլ անձ այդ պահին չի եղել»:

Կա հարուցված քրեական վարույթ: Նա վստահեցրեց, որ բոլոր փորձաքննությունների արդյունքներն առավել մանրամասն կներկայացնեն: