Հայաստան, Արցախ, ներքաղաքական ինտրիգներ. Մամուլը՝ սուրճով

Հայաստան, Արցախ, ներքաղաքական ինտրիգներ. Մամուլը՝ սուրճով

MediaHubներկայացնում է իր ընթերցողին այսօրվա մամուլի ծաղկաքաղը:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ 15 զինծառայողի կյանք խլած հրդեհի դեպքով սպասվում է կալանավորումների շարք: ՊՆ-ում ներքին քննարկում է եղել, որի ժամանակ նշվել է, որ հեռացումներն առաջին քայլը կլինի, որից հետո կսկսվեն կալանավորումները:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

2018 թվականի տարեսկզբին, երբ Նիկոլ Փաշինյանը դեռեւս ընդդիմադիր պատգամավոր էր եւ պատեհ-անպատեհ բոլոր առիթներով քննադատում էր բանակի վարքն ու բարքը, կենցաղավարությունը, առավել մեծ խանդավառությամբ խոսում բանակի զոհերի մասին, Զինված ուժերում դժբախ պատահարի՝ շմոլ գազից թունավորման հետեւանքով մահացած զինծառայողի միջադեպը սարսափ էր համարում:

Վարչապետի աթոռը զբաղեցնող Փաշինյանը, սակայն, ոչ միայն սարսափ որակումը չի տալիս Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած ողբերգական, 15 ժամեկտայինի կյանք խլած միջադեպին, այլեւ արագ-արագ, ոտքի վրա ցանկանում է առանց նախաքննության ավարտի ու միջադեպի բոլոր հանգամանքների պարզաբանման առաջինը հայտնել, թե ինչ է կատարվել զորամաս համարվող հյուղակում, որտեղից փրկվել են 3 հոգի, սակայն ի վիճակի չեն խոսել: 2023-ի տոնական միջոցառումների վրա միլիոնավոր դոլարներ են ծախսվել, բայց սահմանը պաշտպանող ու երկրի անվտանգությունը հսկող 18-ամյա զինվորը տանն անգամ չնմանվող ինչ-որ կացարանում է բնակվում: Թերեւս սա՛ է Նիկոլ Փաշինյանի պահած բանակի երեսը:

2 տարի առաջ, երբ ԱԺ ՄԻՊ հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանն ահազանգում էր առաջնագծի կահավորանքի մասին, Փաշինյանը գլուխ էր գովում, թե արվում է ամն բան, սակայն գաղտնի: Իրականում կառավարության անդամները, իշխանական պատգամավորներն ու ՔՊ-ական ամենատարբեր չինովնիկները շտապում են հավելավճարներ ստանալ, «վոյաժների» մեկնել ու գերթանկարժեք հարսանիքներ, կնունքներ, ծնունդներ կազմակերպել, բայց նույն այդ պահին իշխանությունը, մեկ-երկու երկրորդական պաշտոն զբաղեցնող զինվորականի աշխատանքից ազատելով, շտապում է փակել 15 ընտանիքի սգատեր դարձնելու անչափ ցավոտ թեման:

Եթե իշխանությունն ինչ-որ կերպ այս ամենը կարողանար «նախկինների» հետ կապել, ապա, վստահեցնում ենք, առանց վարանելու մեղքն իր վրայից նրանց վրա կգցեր ու հանգիստ շունչ քաշելով՝ նորից կսկսեր բանակին ելակ հրամցնելու մասին անդուլ եւ անդուր տեքստերը հրապարակ բերել:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. 

Գեղարքունիքի մարզում գտնվող զորամասի կացարանում բռնկված հրդեհը պատճառ դարձավ, որ կառավարության նիստի օրակարգում ընդգրկված հարցերը չզեկուցվեն եւ չքննարկվեն:

Օրինակ՝ այդ հարցերից մեկով ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի անվամբ ներկայացված էր «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում կատարելու մասին հարցը: Այս նախագծով ՆԳՆ-ն բյուջեից լրացուցիչ գումար է ուզում՝ անհրաժեշտ թվով 50 հաստիքների պահպանման ծախսերի ֆինանսավորման համար, քանի որ, հիմնավորման համաձայն, նախատեսված հատկացումների անբավարարության հետեւանքով լրացուցիչ միջոցներ նախատեսելու անհրաժեշտություն է առաջացել:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները այսօր՝ ժամը 12-ին, բողոքի ակցիա են իրականացնելու Քննչական կոմիտեի շենքի մոտ: Մեզ հայտնի դարձավ, որ ակցիայի նպատակը սեպտեմբերի 21-ին «Եռաբլուր»-ի միջադեպի դեպքով քննության խայտառակ դանդաղ ընթացքն է ու առերեսումների կասեցումը: Այսօր լրանում է միջադեպի 5 ամիսը, ու որեւէ մեկը պատասխանատվություն չի կրել:

«Հրապարակ» թերթը գրում է․

Լաչինի միջանցքը փակելուց հետո, երբ Արցախը հայտնվեց շրջափակման մեջ, Հայաստանից Արցախ մեկնած բազմաթիվ քաղաքացիներ մնացին Արցախում եւ մինչ օրս չեն կարողանում վերադառնալ Հայաստան։ Մեզ տեղեկացրին, որ այդ օրերին Արցախում շրջափակման մեջ են եղել նաեւ նորատուսցի հայտնի քրեական հեղինակություններ Արա եւ Ալիկ Բանդուրյան եղբայրները՝ իրենց շրջապատով, «լավ ախպերներով» եւ այլն։

Մեզ ասացին, որ նրանք Արցախ էին մեկնել ինչ-որ փաստաթղթային հարցեր կարգավորելու։ Բայց մոտ մեկ շաբաթ առաջ նրանց հաջողվել է դուրս գալ շրջափակումից։ Այդ հարցում նրանց օգնել են ռուս խաղաղապահները՝ «Ուրալ» մակնիշի զինվորական մեքենայով կածաններով, սար ու ձորերով դուրս են բերել Արցախից եւ տեղափոխել Հայաստան։

«Հրապարակ» թերթը գրում է․

Արցախում երեկ լուրեր էին տարածվում, որ ռուս խաղաղապահների միջնորդությամբ կայացած Արայիկ Հարությունյանի եւ Ադրբեջանի իշխանությունների ներկայացուցիչների հանդիպմանը համաձայնության են հանգել, որ հունվարի 20-ին, այսինքն՝ այսօր, ճանապարհը բացվելու է։ Քաղաքական շրջանակներից մեր հարցուփորձի արդյունքում պարզեցինք, որ դա քիչ հավանական է, քանի որ այդ հանդիպումից հետո Արցախի նախագահը փակ քննարկում է ունեցել խորհրդարանի պատգամավորների հետ եւ փոխանցել, որ Ադրբեջանի պահանջները չի ընդունել, եւ ճանապարհի բացման հարցն ավելի մշուշոտ է դարձել։

«Հրապարակ» թերթը գրում է․

Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում տեղի ունեցած հրդեհի պատասխանատվությունը Նիկոլ Փաշինյանն ու Սուրեն Պապիկյանը հենց առաջին պահից փորձեցին բարդել զինվորների վրա, թե խախտել են անվտանգության կանոնները` վառարանը վառելու համար ավտոբենզին են օգտագործել, ապա 5 լիտրանոց վառվող տարան սպան նետել է կացարանի մեջ։ Սակայն ժամեր անց դասակի հրամանատարը հերքեց՝ ասելով, որ դեպքից ժամեր առաջ է եղել կացարանում, այնտեղ բենզին չի եղել, իսկ վառարանը միշտ վառել են թղթով։ Հրամանատարը նաեւ տարակուսանք հայտնեց Փաշինյանի շրջանառած վարկածի վերաբերյալ՝ ասելով, որ ինքն իր վարկածն ունի, բայց նպատակահարմար չի համարում խոսել։

Մենք տեղեկացանք, որ սեպտեմբերյան պատերազմի հետեւանքով ինժեներասակրավորային վաշտի կացարանը շարքից դուրս է եկել, իսկ այդ 40 քառակուսի մետրանոց շենքը, որտեղ տեղի է ունեցել դեպքը, վարձակալվել է գյուղի բնակիչներից մեկից։ Դեպքի օրը կացարանում եղել է 21 զինծառայող, որոնցից 3-ը հրդեհի ժամանակ դրսում են եղել՝ հերթապահելիս։

«Հրապարակ» թերթը գրում է․

Վարդենիսի զորամասում տեղի ունեցած ողբերգության հետեւանքով, որը նվազագույնը այս իշխանությունների թույլ տված հանցավոր անփութության հետեւանք է, եթե չասենք՝ դիտավորության, երեկ ունեցանք 15 զոհ ու երեք ծանր վիրավոր։ Այդ զոհերի հարազատներին ու վիրավորներին ո՛չ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն էր երեկվա դրությամբ այցելել, ո՛չ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Եթե Պապիկյանը, կարող ենք ասել, երես չուներ այցելելու, ապա Ավանեսյանը գոնե կարող էր այցելել Այրվածքաբանության կենտրոն ու անձամբ ծանոթանալ վիրավորների վիճակին։ Բայց չի արել, որովհետեւ տիկին նախարարը երեկ անմիջապես կառավարության նիստից հետո Փաշինյանի հրամանով մեկնել է Թեհրան՝  հունվարի 19-21-ը մասնակցելու Ազդեցիկ կանանց միջազգային ֆորումին։

Արդեն իրեն ազդեցիկ կին համարող Ավանեսյանը կարող էր գոնե նիստից առաջ՝ առավոտ վաղ կամ նույնիսկ գիշերը մի քանի րոպեով այցելել վիրավորներին, բայց «լայաղ չի արել»։ Ի դեպ, Ավանեսյանը «Սուրմալուի» դեպքից հետո էլ օրեր անց միայն գնաց տուժածներին տեսակցելու: Արսեն Թորոսյանը, օրինակ, նման առիթը կօգտագործեր հիմնովին փիառվելու համար։

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. 

Օտարերկրացիները Հայաստանում կկարողանան առանց լիցենզիա ստանալու բիզնես գործունեությամբ զբաղվել։ Օտարերկրյա ընկերությունները պարզեցված ընթացակարգով կկարողանան զբաղվել միայն բիզնեսի որոշ տեսակներով. դրանք են՝ մասնավոր պահնորդական գործունեություն, փոստային կապի գործունեություն, երկաթուղային տրանսպորտի գործունեության կազմակերպում, ֆիզիկական անձանց կողմից մեկ մարդատար-տաքսի ավտոմոբիլով ուղեւորափոխադրումների իրականացում, տաքսի ծառայություն, շինարարության իրականացում, շինարարության որակի տեխնիկական հսկողություն, ինժեներական հետազննում, շենքերի եւ շինությունների տեխնիկական վիճակի հետազննություն եւ այլն:

Մեզ հայտնի դարձավ նաեւ, որ այս կարգի գործողությունը տարածվելու է Եվրասիական տնտեսական միության, Եվրոպական միության անդամ երկրների, ինչպես նաեւ ԱՄՆ-ի, Կանադայի, Հարավային Կորեայի, Չինաստանի, Ճապոնիայի, Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության, Արաբական Միացյալ Էմիրությունների, Վրաստանի, Իրանի Իսլամական Հանրապետության իրավաբանական անձանց վրա:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

««Շատ անհաջող միջադեպ էր»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում այսպես արձագանքեց ՀՀ-ում ԵՄ դեսպան, ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը՝ խոսելով հունվարի 17-ին Արցախի ճանապարհին տեղի ունեցած միջադեպի մասին: Խոսքն այն դեպքի մասին է, երբ ադրբեջանցի «էկոակտիվիստներն» Արցախի ճանապարհին կանգնեցրել էին ռուս խաղաղապահների ուղեկցությամբ երեխաներին տեղափոխող ավտոբուսը, ներս մտել, սարսափեցրել անչափահասներին:

ԵՄ դեսպանից, մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթը հետաքրքրվեց, թե ինչ է մտածում դեպքի մասին. չէ՞ որ, ի վերջո, շատ միջազգային կոնվենցիաներ են խախտվել, անգամ այդ պահին երեխաներից մեկն ուշաթափվել է: Ի պատասխան՝ տիկին դեսպանը նշեց. «Դա շատ անհաջող միջադեպ էր, բայց ԵՄ-ն ակտիվ է ընդհանուր առմամբ. մենք փորձում ենք լուծել խնդիրը, համոզված ենք՝ միջանցքը պետք է բացվի, պետք է մարդկանց եւ ապրանքների ազատ մուտք լինի, մենք դիվանագիտական հարաբերություններ ունենք եւ փորձում ենք լուծել խնդիրը»:

Մեր ճշտող հարցին՝ իսկ ինչ կասի Արցախի երեխաների ոտնահարված իրավունքների մասին, տիկին Վիկտորինը նշեց. «Կարծում եմ՝ արդեն ասացի. մենք փորձում ենք դիվանագիտական լուծում գտնել»: Իսկապես մտահոգ էր ՀՀ-ում ԵՄ դեսպանը»: