Գարնանացանին և աշնանացանին խնդիրներ կունենանք․ Արցախի գյուղնախարար

Գարնանացանին և աշնանացանին խնդիրներ կունենանք․ Արցախի գյուղնախարար

Ադրբեջանը 82-րդ օրն է՝ ապօրինաբար փակ է պահում Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը։

Թե ինչ է սպասվում գարնանը գյուղատնտեսության ոլորտում, MediaHub.am-ը պարզեց ԱՀ գյուղատնտեսության նախարար Հրանտ Սաֆարյանի հետ զրույցում։ 

-Պարոն Սաֆարյան, գարնանացանի հետ կապված այս պահին ի՞նչ խնդիրներ կան եւ որն է ամենաառաջնայինը։ 

-Ամենաառաջնային խնդիրը՝ դիզվառելիքի և գարնանացան մշակաբույսերի սերմերի, բույսերի պաշտպանության միջոցների սակավությունն է: Պետք ասենք, որ ի սպառ բացակայում են այստեղ պարարտանյութերը: Հետևաբար, ունենք բոլոր հիմքերը մտահոգվելու իրականացված աշնանացան և գարնանացան ցանքսերի պատշաճ խնամքի կազմակերպման մասին:

-Ինչպե՞ս եք տեսնում այս խնդիրների լուծումը՝ հաշվի առնելով շրջափակման հանգամանքը։ 

-Արդեն որոշ ժամանակ է, ինչ մեկնարկել են գարնանացանի աշխատանքները: Բոլոր վերը նշված խնդիրները լուծել և շարունակում ենք լուծել Արցախի Հանրապետության պահուստային ֆոնդում առկա վառելիքի, սերմերի պաշարների հաշվին: Գարնանացանի աշխատանքների իրականացումը ներքին պաշարների հաշվին կշարունակվի այնքան, որքան թույլ տան այդ պաշարների ծավալները: 
Ի թիվ մի շարք այլ ծրագրերի, մենք մշակել և գործարկել ենք «Արցախի Հանրապետությունում ցանքաշրջանառության խթանման ծրագիրը», որը բավականին ճկուն աջակցության մեխանիզմներ է նախատեսում հողօգտագործողի համար և այդ ծրագրից կարող են օգտվել այն տնտեսավարողները, ովքեր չեն հասցրել իրականացնել աշնանացանը: 

-Եթե շրջափակումը շարունակվի, ապա, օրինակ, աշնանը ի՞նչ խնդիրների առաջ կկանգնի Արցախի գյուղատնտեսական ոլորտը։ 

-Շրջափակման շարունակումը լուրջ վնաս կհասցնի առանց այն էլ պատերազմի և 81-օրյա բլոկադայի արդյունքում խաթարված Արցախի տնտեսությանը: Արդեն նշել ենք, որ գարնանացանի աշխատանքների կազմակերպման համար առկա է մի շարք ապրանքների դեֆիցիտ, որը դեռևս հաջողվում է լրացնել պետպահուստի հաշվին: Բացի այդ, գյուղատնտեսական արտադրանքի արդյունավետությունն ընթացիկ տարում ռիսկի տակ է հայտնվել երաշտի ահագնացող վտանգի պատճառով: Այսինքն, մինչ այս պահը տեղումների քանակները նորմայից բավականին ցածր էին ու նույն տեմպերով շարունակվելու դեպքում զգալիորեն կտուժի և՛ աշնանացան, և՛ գարնանացան ցանքսերի որակը և, որպես հետևանք, բերքատվությունը: 

Հաշվի առնելով այս հանգամանքը, ինչպես նաև ցանքսերի՝ պահանջվող նորմայի սահմաններում սնուցման անհնարինությունը, կարող ենք ասել, որ բերքն Արցախում վտանգված լինելու շեմին է: 

-Քանի որ Դուք նշանակվել եք Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի կողմից, ապա վերջին փոփոխությունները հաշվի առնելով, հնարավո՞ր է հրաժեշտ տաք պաշտոնին։ 

-Ամեն ինչ էլ հնարավոր է: Գյուղատնտեսության նախարարի պաշտոնը ես ստանձնել եմ բավականին բարդ ժամանակահատվածում, երբ շրջափակմամբ պայմանավորված՝ աշնանացանի աշխատանքները դեռ ավարտին չէին հասցվել և որոշ ժամանակ անց պետք է մեկնարկեին գարնանացանի աշխատանքները: Բացի այդ, որպես ԱՀ ԳԳԱՀ տնօրեն և օպերատիվ շտաբի անդամ, ներգրավված եմ եղել առաջնային մթերքների՝ խանութներին մատակարարման գործընթացի մեջ և շարունակել եմ վերահսկողությունը նույն ուղղությամբ արդեն որպես գյուղնախարար: Հողօգտագործողների հետ վերջին 80 օրերին մենք անցել ենք բավականին բարդ պայքարի ճանապարհ, հաղթահարել ենք բազմաթիվ դժվարություններ և դեռ ահագին խոչընդոտներ էլ պետք է հաղթահարենք: 

Կարող եմ հստակ ասել միայն, որ ինքնակամ չեմ պատրաստվում խուսափել այն պարտականությունների բեռից, որը սահմանված է ի պաշտոնե, այլ պատրաստ եմ պայքարել հողօգտագործողի, ֆերմերի հետ միասին՝ դիմակայելով մեր առջև ծառացած մարտահրավերներին:

Լիաննա Թորոսյան