Փնտրվում է Տավուշի մարզպետը

Փնտրվում է Տավուշի մարզպետը

Երեկ իր մամուլի ասուլիսի ընթացքում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ շատ հավանական է՝ դելիմիտացիան և դեմարկացիան Տավուշի մարզից սկսվի։ Միևնույն ժամանակ, նա նկատեց՝ հարազատ մարզից և ոչ մի գյուղ ինքը չի հանձնելու Ադրբեջանին:

Այս, փոքր-ինչ հանգստացնող, բայց իրականում մանիպուլյատիվ հայտարարությանը հետևեց մեկ այլ հայտարարություն, թե Հայաստանի տարածքը ոչ թե ուղիղ 29.8 հազար քկմ է, այլ 29․743 քկմ։ Այսինքն՝ Տավուշի չորս ոչ անկլավային գյուղերը, ըստ էության, հաշվառված չեն մեր տարածքում։ 

Նկատենք, որ Փաշինյանն առաջին անգամ է նման հայտարարություն անում, ի դեպ, Ադրբեջանի հոխորտանքներից ու տարածքային վերջին պահանջներից հետո։ Ավելին, մի քանի տասնյակ անգամ ՀՀ Կառավարության գլուխը հայտարարել է՝ ամեն գնով պայքարելու է մեր՝ 29.8 հազար քկմ տարածքով պետության համար։

Քանի որ արդեն իսկ պարզ է՝ Տավուշի այդ չորս գյուղերին ինչ ճակատագիր է սպասվում, MediaHub-ը փորձեց կապ հաստատել մարզպետ Հայկ Ղալումյանի հետ՝ հասկանալու, թե ինչ է սպասվում այդ տարածքի բնակիչներին, կամ արդյո՞ք ընդունելի է իր համար Փաշինյանի հայտարարությունը։

Իհարկե, վերջին հարցի դեպքում պատասխանը մենք հստակ գիտեինք՝ ընկերոջ ամեն մի բառը բացարձակ ճշմարտություն, ավելի ճիշտ՝ ոսկե օրենք է իր համար։ 

Այսպես, մեր առաջին զանգին Ղալումյանը բավականին բարեհամբույր տոնով պատասխանեց, սակայն, հենց հարցը լսեց, հիշեց, որ խորհրդակցության է ու հեռախոսն անջատեց։ Դե, կասկածի տակ չդնելով այն, որ Տավուշի մարզպետը կարող է խորհրդակցություն անցկացնել, որոշեցինք մեկ ժամ անց զանգել, ապա՝ երկու, երեք ժամ անց։ 

Զարմանալի է, բայց Հայկ Ղալումյանն այլևս մեր զանգերին չպատասխանեց։ Այսօր առավոտյան ևս փորձ արեցինք խոսել մարզպետի հետ, սակայն նա զանգերին չպատասխանեց, միայն հաղորդագրություն ուղարկեց, որ ավելի ուշ ինքը հետ կզանգի։ Դեռ չի զանգել։ Հիշեցնելու համար, որ նման խոստում ունի, կեսօրից հետո ևս մեկ անգամ զանգեցինք նրան, սակայն մնացինք անպատասխան։

Մինչ մենք փորձում էինք մարզպետի կարծիքը լսել, ՔՊ-ական պատգամավորներից մեկը, ինչպես նաև ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը հայտարարեցին, որ Ալիևի պահանջած չորս գյուղերը հայկական չեն։

Այունամենայնիվ, մենք շարունակում ենք փնտրել Տավուշի մարզպետին, որ հասկանանք՝ արդյո՞ք ինքն էլ է համաձայն, որ Տավուշի մարզի այդ չորս գյուղերը մերը չեն։ Եվ ամենակարևորը, հիմա ի՞նչ են ասելու մարզի բնակիչներին…

Նարե Գնունի