Գործող քաղաքական իշխանությունը երկու տարի առաջ բանտարկեց վանաձորցիների քվեն․ Վահե Դոխոյան

Գործող քաղաքական իշխանությունը երկու տարի առաջ բանտարկեց վանաձորցիների քվեն․ Վահե Դոխոյան

Վանաձոր համայնքի ավագանու «Հայրենիք» խմբակցության ղեկավար  Վահե Դոխոյանը գրել է․

«Այսօր լրացավ Վանաձորի ընտրված քաղաքապետ, քաղբանտարկյալ Մամիկոն Ասլանյանի ապօրինի կալանքի տակ գտնվելու երկու տարին։

Հայաստանի գործող քաղաքական իշխանությունը երկու տարի առաջ բանտարկեց վանաձորցիների քվեն։ Այդ իշխանությունը որոշեց, որ վանաձորցին չի կարող որոշել, թե ով կամ որ քաղաքական միավորը պետք է լինի համայնքի իշխանությունը։ Ինչպես նախկինում եմ բազմիցս ասել, հիմա էլ հաստատակամ կրկնում եմ, որ քաղաքական իշխանությունն այդ հակապետական քայլով ազդարարեց տեղական ինքնակառավարման անկախությունն ամբողջությամբ ոչնչացնելու իր մտադրության մասին, և այդպիսով՝ մահափորձ կատարեց Հայաստանի Հանրապետության ժողովրդավարության նկատմամբ։

Երկու տարի առաջ առաջինն եմ եղել, որ վստահաբար պնդել եմ՝ ճգնաժամային այս վիճակից դուրս գալու միջոցը Վանաձորի ավագանու նոր ընտրություններն են կամ Մամիկոն Ասլանյանին ազատ արձակելը, որպեսզի հնարավոր դառնա իրագործել վանաձորցիների ընտրությունը։ Երկու տարի անց էլ վստահաբար պնդում եմ, որ ճշգրիտ լուծումը շարունակում է մնալ Վանաձոր համայնքի ավագանու նոր ընտրությունների անցկացումը կամ Մամիկոն Ասլանյանին անհապաղ ազատ արձակելը։

Առաջիկայում այս առաջարկով հանդես կգամ առավել մանրամասն ծրագրով։

Ազատություն քաղբանտարկյալ Մամիկոն Ասլանյանին և մյուս քաղբանտարկյալներին»։