Գործ ունեինք իրական դատավորի հետ․ Բաբայան

Դատարանը, ձերբակալությունը ճանաչելով ոչ իրավաչափ, ի թիվս այլնի, հաստատել է, որ բացակայում է հիմնավոր կասկածը: Սա նշանակում է, որ դատարանն արձանագրում է, որ անձի կապը հնարավոր հանցագործության հետ նույնիսկ շատ թույլ հիմքեր չունի: Այդ մասին MediaHub.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Արսեն Բաբայանը՝ անդրադառնալով ՀՅԴ կուսակցության Արտաշատի տարածքային կառույցի ղեկավար, Արտաշատ համայնքի ավագանու խմբակցության ղեկավար Արտավազդ Մարգարյանին կալանավորելու միջնորդության մերժմանը։
Նրա խոսքով՝ մինչև վերջ գնալու ցանկությունը, բարեբախտաբար, դեռևս պահպանվում է՝ տարբեր պատճառներով: Օրինակ՝ դեռևս կան դատավորներ, որոնք իրենց ապագան վտանգելով, չեն ենթարկվում հրահանգների․ կան դատավորներ, որոնց տարբեր պատճառներով իշխանությունը խուսափում է հրահանգներ տալ:
«Եվ վերջապես․ պակաս կարևոր չէ փաստաբանի աշխատանքը: Լինում են դեպքեր, երբ հանձնարարությունը տրված է, դատավորի կողմից պատրաստակամությամբ ընդունված, սակայն փաստաբանի պրոֆեսիոնալիզմը բերում է այնպիսի իրավիճակի, որ դատավորը ստիպված է լինում չկատարել հանձնարարությունը և փաստերի ճնշմամբ կայացնում է արդար որոշում: Այս վերջին դեպքերը հազվադեպ են հանդիպում, բայց կան»,- նշեց Բաբայանը։
Ըստ փաստաբանի՝ այս ամենը դեռ չի նշանակում, թե իշխանությունը կհրաժարվի մինչև վերջ գնալու մտքից: Նման դեպքերում իշխանությունը, սովորաբար, մտածում է այլ նենգ գործողություններ:
«Կոնկրետ Արտավազդ Մարգարյանի դեպքում, կարող եմ հաստատապես պնդել, որ գործ ունեինք իրական դատավորի հետ»,- նշեց Արսեն Բաբայանը։
Հիշեցնենք, որ ՀՅԴ Արտաշատի տարածքային կառույցի ղեկավար Արտավազդ Մարգարյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասով:
Նարե Գնունի