Շարունակվող պատերազմ. զոհեր, անհետ կորածներ, խեղված ճակատագրեր

Շարունակվող պատերազմ. զոհեր, անհետ կորածներ, խեղված ճակատագրեր

Երկու տարի առաջ այս օրը Արցախն ու Հայաստանն արթնացան պատերազմի մեջ ներքաշված: Պատերազմ, որը չի ավարտվել մինչ օրս՝ շարունակելով մեզնից խլել թե՛ մեր հարազատներին, թե՛ մեր տարածքները:

Ապագայի հետ կապված բոլորի երազանքները մեկն են՝ ապրել խաղաղ երկրում, որպեսզի սահմանին այլևս չզոհվեն տղաները, փողոցները չողողվեն սև ժապավեններով, իսկ Եռաբլուրը, վերջապես, վերջնական իր սահմանները գծի ու այլևս ոչ մի հող չփորվի:

Երկու տարի անց մենք արդեն պայմանականորեն նոր պատերազմի մեջ ենք, ոմանք այն Եռօրյա պատերազմ են անվանում, սակայն իրականում սեպտեմբերի 27-ին մեկնարկած պատերազմը շարունակում է. սեպտեմբերի 13-ը դրա արյունալի դրվագներից է, որը մի քանի հարյուր զոհ տարավ: Ու սա այն դեպքում, երբ մենք դեռ վերջնական չենք ամփոփել 44-օրյա պատերազմի ցավալի արդյունքները:

Ճիշտ է, մարտ ամսին ՀՀ Քննչական կոմիտեն հրապարակեց տվյալներ, համաձայն որոնք Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիվ պատերազմի հետևանքով Արցախի Հանրապետությունում և ՀՀ-ում զոհված զինծառայողների և քաղաքացիական անձանց ընդհանուր թվաքանակը կազմում է 3822 անձ։ 21.03.2022թ. դրությամբ անհայտ է 187 զինծառայողի և 21 քաղաքացիական անձի գտնվելու վայրը։ Սակայն նշել, թե այս արդյունքները վերջնական են, չենք կարող՝ մինչ օրս Բաքվում են տասնյակ գերիներ (պաշտոնապես), իսկ ոչ պաշտոնական տվյալներով նրանց թիվն ավելի շատ է: 

Որոնողական աշխատանքներն էլ մի քանի ամիս է չեն տարվում...

Եվ այս արդյունքներին ավելանում են նոր թվեր՝ զինծառայողներ, որոնցիցո սեպտեմբերի 13-ի ադրբեջանական հարձակումից հետո ոչ  մի լուր չկա, նոր հուղարկավորություններ, դիեր, որ անվերջ հանձնում է Բաքուն հայկական կողմին, խեղված ճակատագրեր...

Լիա Խոջոյան