Ընտանիքապետություն

Ժամանակին ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ժողովրդի սրտից էր խոսում, երբ բացահայտում էր, որ կադրային նշանակումներն արվում են «խնամի- ծանոթ- բարեկամ» սկզբունքով, կամ, որ բարձրաստիճան պետական պաշտոնյան չարաշահում է իր կարգավիճակը՝ դա ծառայեցնելով շահադիտական նպատակներով կամ ընտանիքին:
Ի դեպ, նաև նման երևույթները 2018-ին կոնսոլիդացրեցին մեր հասարակությանը ու տեղի ունեցավ հեղափոխություն, որը պատմական շանս էր ընձեռում Փաշինյանին՝ պայքարել այն հոռի երևույթների դեմ, որոնց մասին ամենահաճախ բարձրաձայնում էր հենց ինքը:
Գլորվում է Փաշինյանի իշխանության վեցերորդ տարին ու գնալով ավելի համոզվում ենք, որ, այսպես կոչված, հեղափոխության հետևանքով Հայաստանում ձևավորվել է ընտանիքապետություն:
Օրինակ, մի քանի օր առաջ Նիկոլ Փաշինյանը Ստրասբուրգ է մեկնել իր 3 աղջիկների՝ Մարիամի, Շուշանի և Արփիի հետ, որոնց իր հետ տարել է նաև Եվրախորհրդարան:
Դե, երեխա են, երկիր կտեսնեն, բայց գոնե սոցիալական արդարության սկզբունքը պահպանեն. վարչապետի ընտանիքից մինչև այսօր արտերկիր չի մեկնել միայն Չալոն՝ այն հավատարիմ շունը, որն, ի դեպ, Փաշինյանի հարկի տակ բնակվողներից ամենամեծ ավանդն է ունեցել հեղափոխության օրերին: Եթե վարչապետը նման վարքագիծ է դրսևորում, ինչո՞ւ ենք զարմանում ՔՊ մյուս գործիչների վրա:
Մամուլը գրել էր, որ ՔՊ-ական պատգամավոր Էմմա Պալյանն աշխատանք չունեցող ամուսնուն իրեն օգնական է նշանակել: Լրագրողների հետ զրույցում Պալյանն ասել է, որ զարմացած է: «Իմ ամուսինն ԱԺ-ում գրանցված է որպես հասարակական հիմունքներով օգնական՝ իմ օգնական, ու որևէ դրամ չի վարձատրվում, դա անգամ աշխատանքային ստաժ չի համարվում: Իմ ամուսինը հասարակական հիմունքներով օգնական է գրանցված միայն այն պատճառով, որ ես, լինելով Շիրակի մարզից ընտրված պատգամավոր, հաճախ եմ լինում էնտեղ ու երբ տեղափոխվում եմ Երևան, նա է ինձ բերում ԱԺ: Որպեսզի դրսում չսպասի, դա իրեն հնարավորություն է տալիս մուտք գործել շենք ու իմ աշխատասենյակում սպասել, մինչև աշխատանքս ավարտեմ»,- նշել է Պալյանը:
Իրոք, ուշագրավ է՝ մարդը փաստորեն կարող է պետական գործի նշանակվել՝ անձրևի կամ արևի տակ չմնալու համար:
Դե էլ չասեմ, թե հեղափոխությունը պետական գործի անցնելու ինչ «տաղանդներ» բացահայտեց Աննա Հակոբյանի, Հովիկ Աղազարյանի, Հասմիկ Հակոբյանի ու այլ հայտնի ու անհայտ պատգամավորների հարազատների մոտ:
Ընտանիքապետությունը հո պոզով- պոչով չի՞ լինում...
Վահրամ Բագրատյան