ՀՀ-ՌԴ դաշինքը՝ հայոց պետականության անվտանգության առանցք

ՀՀ-ՌԴ դաշինքը՝ հայոց պետականության անվտանգության առանցք

ՌԴ աշխատանքային այցի շրջանակում կայացել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հանդիպումը ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի հետ:

Հայաստանի և Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները գոհունակություն են հայտնել հայ-ռուսական ռազմական համագործակցության ներկա մակարդակի առնչությամբ և քննարկել փոխգործակցության հետագա խորացման ծրագրերն ու հնարավորությունները:

ՔՊ-ի իշխանության օրոք հայ-ռուսական հարաբերությունները չեն զարգանում, քանի որ ՔՊ-ն արտաքին քաղաքական խուսանավումներ է անում և Մոսկվան չի վստահում ՀՀ այսօրվա գործող իշխանություններին՝ չնայած հրապարակային հայտարարություններին:

ՌԴ-ն տասնամյակներ շարունակ օգնել է կառուցել հզոր, արդիական հայոց բանակ և ՔՊ-ականները, գալով իշխանության, «գունավոր հեղաշրջման» արդյունքում անցան բանակը քննադատելու, այն տարօրինակ կադրերով համալրելու իրենց բնորոշ պրակտիկային:

Արդյունքն եղավ այն, որ Հարավային Կովկասի ամենամարտունակ բանակը համարվող հայկական զինված ուժերը 44-օրյա պատերազմի արդյունքում ունեցան այսքան ցավալի կորուստներ: Բանակը վերազինելու և արդիականացնելու, նորից ոտքի հանելու համար ՔՊ-ն ոչ մի լուրջ քայլ չի ձեռնարկում՝ անընդհատ նախարար և ԳՇ պետ փոխելով և այսօր պատմության ուսուցիչ Սուրեն Պապիկյանին այդ կարևոր պաշտոնին նշանակելով անհնար է հայոց բանակը բերել նախկին մակարդակի:

ՀՀ-ՌԴ ռազմավարական դաշինքը, ռազմա-քաղաքական տանդեմը՝ հայոց պետականության անվտանգության առանցքն է և թուրք-ադրբեջանական ուժերին զսպող միակ գործուն ֆորմատը:

Անկախ ներքաղաքական կոնյուկտուրայից ՀՀ-ն պետք է շարունակի ամրապնդել ռազմա-տեխնիկական սերտ կապերը Մոսկվայի հետ:

 Վահրամ Բագրատյան