Իսրայելը տարածաշրջանի մետաստազն է. ի՞նչ վիճակ է Լիբանանում

«Աշխարհի աչքի առաջ, մարդասիրություն քարոզող մարդակերների լուռ համաձայնությամբ Իսրայելը ցեղասպանություն է իրականացնում Լիբանանի դեմ։ Միջերկրական ծովի մարգարիտը վտանգի մեջ է»,- MediaHub-ին ահազանգում են Լիբանանում ապրող մեր հայրենակիցները։
Բեյրութահայ Վարուժան Քոսակյանի խոսքով՝ պատերազմը կշարունակվի ևս 2 ամիս, քանի որ Նեթանյահուն Իսրայելի հարավային շրջանից ներքին տեղահանված իր հայրենակիցներին խոստացել է, որ նոր տարին կդիմավորեն իրենց տներում։
«Դա ենթադրում է, որ Իսրայելը այս պատերազմում օգտագործելու է իր բանակի ողջ ներուժը, ներ է դնելու վերջին ճիգերը, որ հասնի ուզածին։ Իսկ ի՞նչ է ուզում Նեթանյահուն․ ամեն կերպ փորձելու է գրավել, իրենով անել կռվախնձոր դարձած Գազայի հատվածը, Լիբանանի՝ Իսրայելին կից սահմանները։ Այդ երկիրը և՛ Մերձավոր Արևելքի, և՛ Հարավային Կովկասի մետաստազն է, թուլացնել Իսրայելին, նշանակում է շնչել, ապրել առանց պատերազմների։ Այստեղ շատ կարևոր է, որ Իրանը վերջապես արթնանա ու համապատասխան հարված հասցնի խռովություն, պատերազմներ ու անջատողականություն հրահրող երկրին»,- ասաց Քոսակյանը։
Գիշերը ծանր է եղել Լիբանանում։ Իսրայելը ռմբակոծել է Բեյրութի հարավային արվարձանի Հարըթ Հրէյքն ու Պուրճ Պարաժինա շրջանները։ Պատերազմը բազմաթիվ ավերածությունների պատճառ է դարձել։ Լիբանանի փրկարարները փլատակներից հանել են զոհեր ու վիրավորներ։
«Սա բավարար չէր, այսօր առավոտյան ռմբակոծման սպառնալիքի տակ է հայտնվել Չուեյֆաթ Ալ-Ամրուսիայի շրջանները։ Քարտեզի մեջ երևում է՝ խիտ բնակեցված շրջան է»,- հավելեց մեր զրուցակիցը։
Հունան Թադևոսյան