Էժան վրեժխնդրություն

Հայկուհի Հարությունյանը չընտրվեց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում:
Ազգային ժողովում փակ գաղտնի քվեարկությանը ոչ մի պատգամավոր չի մասնակցել։
Իշխանական «Քաղաքացիական պայմանագիրն» ավելի վաղ հայտնել էր, որ չի պատրաստվում մասնակցել ընտրության քվեարկությանը:
Հայկուհի Հարությունյանը ավելի վաղ նախագահում էր հանձնաժողովը։
Ընդ որում, ՔՊ խմբակցությունն առաջնորդվել է ոչ թե բարեխիղճ մոտեցմամբ, այլ սովորական վրեժով:
ՔՊ-ականներին բարկացրել է Հայկուհի Հարությունյանի այն բացահայտումը, որ հայտարարագրերի, պաշտոնի անհամատեղելիության և շահերի բախման մասերով ՔՊ խմբակցության 25 պատգամավոր է անցել:
Նրանք Հայկուհի Հարությունյանից սկսել էին «հաշիվ մաքրել» անգամ մինչև խորհրդարանի լիագումար նիստը, ինչը դատապարտվել էր ԵՄ-Հայաստան քաղհասարակություն պլատֆորմի կոշտ հայտարարությամբ:
Իսկ երեկվա նիստում ՔՊ խմբակցության պատգամավորների անպարկեշտ վարքագիծն ակնառու էր:
Նույնիսկ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը երեկ առաջնորդվել է անձնական հաշիվներով, որովհետև Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում տեսնում է իր օգնականին:
Բայց ամենասկզբունքային հարցն այն է, որ քաղաքական իշխանությունը ցանկանում է ազատվել բոլոր այն մարդկանցից, ովքեր դուրս են իրենց վերահսկողությունից՝ կլինի ՏԻՄ, թե անկախ մարմնի ղեկավար:
Այլևս, ո՞վ է հավատալու, որ Հայաստանում իրապես պայքար է մղվում կոռուպցիայի դեմ, եթե Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը վերածվում է քաղաքական իշխանության կցորդի:
Վահրամ Բագրատյան