ԱՄՆ պետքարտուղարության զեկույցում անդրադարձ է եղել նաև ՀՀ կառավարության ու եկեղեցու միջև հարաբերություններին

Միացյալ Նահանգների պետական քարտուղարությունը հրապարակել է աշխահի շուրջ 200 երկրներում կրոնական ազատությունների մասին տարեկան իր զեկույցը:
Հայաստանի մասով կա անդրադարձ եկեղեցի-կառավարություն հարաբերություններին, կրոնական փոքրամասնությունների հետ կապված խնդիրներին և այլնին։
Զեկույցում նշված է, որ կառավարության և Հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչները, այդ թվում՝ Հայ առաքելական եկեղեցու առաջնորդ, Կաթողիկոս Գարեգին Բ-ն ու Նիկոլ Փաշինյանը, հրապարակային քննադատական հայտարարություններ են արել միմյանց հասցեին՝ կապված Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում կառավարության գործունեության և քաղաքականության մեջ ՀԱԵ-ի ներգրավվածության հետ:
Զեկույցի համաձայն՝ 2023 թ.-ի ընթացքում հայ հոգևորականները շարունակել են առանց սահմանափակումների մասնակցել քաղաքացիական խոսույթին, իսկ Գարեգին Բ կաթողիկոսը կոչեր է հնչեցնել վարչապետ Փաշինյանի հրաժարականի մասին: «Սեպտեմբերի 19-20-ը Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ռազմական գործողություններից և Լեռնային Ղարաբաղից գրեթե բոլոր էթնիկ հայերի հեռացումից հետո Հայ առաքելական եկեղեցու եպիսկոպոսաց հավաքը հոկտեմբերի 3-ին հայտարարություն է տարածել՝ քննադատելով Հայաստանի կառավարության վերաբերմունքը ստեղծված իրավիճակի հանդեպ»,- նշված է պետքարտուղարության զեկույցում:
Բացի այդ, նշված է, որ չնայած Հայ առաքելական եկեղեցու առարկություններին՝ 2023 թվականի ուսումնական տարվա ընթացքում իշխանությունները սկսել են աստիճանաբար հանել «Հայոց եկեղեցու պատմություն» դասընթացը պարտադիր դպրոցական ծրագրից՝ փոխարենն այն ներառելով համապատասխան պատմական բովանդակություն ունեցող հայագիտական ավելի լայն ուսումնական ծրագրում: Այս քայլը, ըստ պետքարտուղարության, ողջունել են Հայաստանում եզդիական համայնքի ներկայացուցիչները, քանի որ նրանց երեխաները ստիպված էին եղել ուսուցանել այս պարտադիր դասընթացը:
Զեկույցն Ադբեջանին վերաբերող հատվածում անդրադարձ կա Լեռնային Ղարաբաղում հայ և ադրբեջանական պատմա-մշակութային հուշարձանների պահպանման խնդրին: Այն մեջբերում է Քորնել համալսարանի Caucasus Heritage Watch (CHW) ծրագրի անցած տարվա ապրիլին հրապարակած ուսումնասիրությունը արբանյակային լուանկարների հիմնա վրա Լեռնային Ղարաբաղում 1994-2020 թթ.-ի ադրբեջանական պատմա-մշակութային 109 հուշարձանների վիճակի մասին: Զեկույցում նշվում է, որ տարածաշրջանի նկատմամբ հայկական վերահսկողության ժամանակահատվածում «42 ադրբեջանական մշակութային հուշարձաններ մնացել են անփոփոխ, 39-ը լուրջ վնասներ են կրել, 16-ը ավերվել, 9-ը՝ աննշան վնասվել, երկուսը վերանորոգվել, իսկ մեկը՝ վերականգնվել»։
«CHW-ի հետաքննությունը պարզել է, որ ոչ ճշգրիտ են ինչպես ադրբեջանցի պաշտոնյաների պնդումները տարածաշրջանում մզկիթների գրեթե լիակատար ոչնչացման մասին, այնպես էլ հայկական կողմի հակընդդեմ պնդումներն այն մասին, որ բոլոր վնասները տեղի են ունեցել խորհրդային տարիներին»։
Փաստաթուղթը հիշատակել է նաև սեպտեմբերի 22-ին ՄԱԿ-ի մշակութային իրավունքների ոլորտում հատուկ զեկուցողի հայտարարությունը, ըստ որի՝ «Ադրբեջանը շարունակել է ջանքերը Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության հետքերը վերացնելու կամ դրանք որպես կովկասյան ալբանացիներին պատկանող կոթողներ ներկայացնելու ուղղությամբ»։