Կրկնակապիտուլյանտ. Սարգսյանի դիպուկ գնահատականը

Կրկնակապիտուլյանտ. Սարգսյանի դիպուկ գնահատականը

Հայաստանի նախկին նախագահները հազվադեպ են հարցազրույց տալիս: Ուրբաթ օրը, դատական հերթական նիստից հետո, «լռության ուխտը» խախտեց երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:

Նա, մասնավորապես, անդրադարձել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացին ու սպասվող փաստաթղթին:

«Պարտադրված խաղաղության պայմանագիրը նույն կապիտուլյացիան է: Հիշում եք, որ նոյեմբերի 9-ի փաստաթղթի հրապարակումից հետո «կապիտուլյանտ» բառը ինչպես դաջվեց նրա վրա, և ես վստահ եմ՝ եթե էսպիսի՛ խաղաղության պայմանագիր պետք է ստորագրվի, ինչպիսին մենք, նորից եմ ասում, տարբեր տեղերից նախադասություն առ նախադասություն, բառ առ բառ որսալով տեսնում ենք, ապա նա կոչվելու է կրկնակապիտուլյանտ: Որովհետև սա այլ ելք չի կարող բերել, հասկանո՞ւմ եք, անարդար խաղաղությունը բուն է, պատճառ է նոր պատերազմի», - հայտարարել է Հայաստանի նախկին նախագահը:

Դժվար է չհամաձայնել Սարգսյանի հետ, մանավանդ, որ Նիկոլ Փաշինյանն ինքն է խոստովանում, որ Բաքվի պահանջները գնալով մաքսիմալիստական են դառնում՝ միջազգային զսպող գործիքների բացակայության պայմաններում:

Այստեղ մեզ հուզող հարցը միանգամայն այլ հարթության վրա է, հատկապես, որ Սերժ Սարգսյանը Հայաստանի ամենաազդեցիկ ընդդիմադիր կուսակցություններից մեկի առաջնորդն է:

Արդյո՞ք Հայաստանի ընդդիմությունը կարողանալու է կանխել «կրկնակապիտուլյացիան», թե՞ մեր հասարակությունը «փրկության» շանս պետք է փնտրի միայն Հանրապետության փլատակների վրա:

Ցավոք, այս հարցի պատասխանը Հայաստանի ընդդիմադիր որևէ սեգմենտ դեռ չի տվել:

Վահրամ Բագրատյան