Ի՞նչ զարգացումներ կան ոչնչացման ենթակա հավի միսը թաղման վայրից տեղափոխած «Արմեն-Համիկ եղբայրներ» ՍՊԸ-ի գործով

Ի՞նչ զարգացումներ կան ոչնչացման ենթակա հավի միսը թաղման վայրից տեղափոխած «Արմեն-Համիկ եղբայրներ» ՍՊԸ-ի գործով

ՊԵԿ աշխատակիցներն օրերս մասնակցել են «Արմեն-Համիկ եղբայրներ» ընկերության կողմից 13 հազար 500 կգ ընդհանուր քաշով հավի մսի ոչնչացմանը: Ապրանքների ոչնչացումը կատարվել է թաղման եղանակով։

Նույն օրը` օգտագործման համար ոչ պիտանի ապրանքների թաղման եղանակով ոչնչացումից հետո, պարզվել է, որ նշված ընկերության ներկայացուցիչներն այցելել են ոչնչացման վայր և քանդող տեխնիկայով կատարել են հողի քանդման և թաղված հավի միսը հողի տակից հանելու աշխատանքներ, որից հետո հանված ապրանքները տեղափոխել են «Արմեն-Համիկ եղբայրներ» ՍՊ ընկերության տարածք։

Իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, «Արմեն-Համիկ եղբայրներ» ՍՊ ընկերության տարածքի պահեստային սառնարաններում հայտնաբերել են հողի տակից հանված ապրանքները, որոնց  տուփերին առկա են եղել հողի ակնհայտ հետքեր։

Դեպքի վերաբերյալ կազմված նյութերի հիման վրա հաղորդում է ներկայացվել ՀՀ Քննչական կոմիտե։ MediaHub-ը կապ հաստատեց ՀՀ Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանի հետ՝ ճշտելու, թե ի՞նչ զարգացումներ կան այս աղմկահարույց գործով.  

«Նախկինում հարուցված այլ փաստի առնչությամբ հարուցված քրեական վարույթի շրջանակներում այն դարձել է ուսումնասիրության առարկա, առաջիկայում նաև նախնական իրավական գնահատական տալու ուղղությամբ միջոցներ կձեռնարկվեն»,- արձագանքեց Աբրահամյանը։

Մարիաննա Արամյան