«Как и ожидалось»․ Բաքվի պահանջը կատարած ԱԳՆ-ն «ցրեց», «ցրեց» ու փակեց Արցախի էջը

Փետրվարի 13-ից MediaHub–ը ուշադրության կենտրոնում է պահում այն հարցը, որ ԱԳՆ պաշտոնական կայքից հեռացվել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիր բաժինը: Եվ այսօր էլ՝ արդեն հինգ ամիս է, երբ փորձում ես մուտք գործել այդ բաժին, error է տալիս։
MediaHub-ը ԱԳՆ-ից հետաքրքվել էր, թե ինչո՞ւ է գերատեսչության պաշտոնական կայքից հեռացվել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիր բաժինը, ո՞րն է պատճառը, հատկապես, որ դրանից ընդամենը օրեր առաջ Ադրբեջանն էր բողոքել, որ մեր երկրի արտաքին գործերի նախարարության կայքում նման բաժին գոյություն ունի: Գերատեսչությունից պատասխանեցին, որ տեխնիկական խնդիր է, վերականգնվելու է, և որ այլ բաժիններ էլ կան, որ այս պահին չեն գործում։ Իսկ հարցին, թե արդյո՞ք տեխնիկական խնդրի լուծումից հետո բաժինը կվերականգնվի նույնությամբ, մեզ վստահեցրել էին՝ այո։
Սակայն, անցել են ամիսներ և ԱԳՆ-ն, որը հավաստիացնում էր, որ «խնդրին» պետք է լուծում տար, այդպես էլ դա չարեց: Մի պարզ պատճառով՝ ի սկզբանե, ըստ ամենայնի, նման նպատակ էլ չեն ունեցել և Արցախի հարցը իրենք, ինչպես թշնամի Բաքուն, փակել են:
Այս դեպքում հարց է առաջանում՝ ինչու ԱԳՆ–ն իր մեջ խիզախություն չգտավ, ինչպես գտնում է Բաքվի պահանջները կատարելու համար, հստակ հայտարարելու, որ ԼՂ հիմնախնդրին նվիրված բաժինը, այո՛, հեռացվել է (լիարժեք խիզախությունն ապացուցելու համար էլ շեշտվեր, որ Ադրբեջանի պահանջով) և վերականգնման ենթակա չէ:
Դեռ ամիսներ առաջ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը մեզ հավաստիացրել էր, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերաբերյալ բաժինն ԱԳՆ կայքէջից չի հեռացվել, այլ բովանդակությունն արտացոլված կլինի պատշաճ ժամկետներում:
Այս հանգամանքը մեկ անգամ մեզ համոզում է, որ իշխանության համար ամբողջությամբ փակ է Արցախի թեման։ Եվ այսօր էլ կայք մուտք գործելիս համոզվեցինք՝ ոչինչ չի փոխվել: Կասկածները, որ ԱԳՆ-ում ուղղակի չեն շտապում (չեն ուզում) բաժինը վերականգնել ավելի ու ավելի են միս ու արյուն ստանում:
Հիշեցնենք, որ ԱԳՆ կայքում «տեխնիկական խնդիրներն» ի հայտ եկան այն բանից հետո, երբ թշնամի երկրի նախագահ Ալիևի հատուկ հանձնարարություններով դեսպան Էլչին Ամիրբեկովը հայտարարեց, որ բացի Անկախության հռչակագրից, Բաքվի համար վիճահարույց է նաև Հայաստանի արտգործնախարարության պաշտոնական կայքը, որտեղ Ղարաբաղյան խնդրին նվիրված հատվածում ասվում է, թե Արցախը պատմական Հայաստանի անբաժանելի մասն է։
Մարիաննա Արամյան