Երևանի «Ոսկե ծիրան» 20-րդ միջազգային կինոփառատոնը հատեց եզրագիծը. հայտնի են մրցանակակիրները

Երևանի «Ոսկե ծիրան» 20-րդ միջազգային կինոփառատոնը հատեց եզրագիծը. հայտնի են մրցանակակիրները

Կանադահայ ռեժիսոր Ատոմ Էգոյանի «Օրացույցը» ֆիլմի ցուցադրությամբ հուլիսի 15-ին Կինոյի տանը եզրափակվեց Երևանի «Ոսկե ծիրան» 20-րդ միջազգային կինոփառատոնը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Ոսկե ծիրան»-ի հիմնադիր նախագահ Հարություն Խաչատրյանն ընդգծեց փառատոնի միջոցով Հայաստանն ու հայկական կինոն  ճանաչելի դարձնելու գաղափարը: «Հայկական կինոն այսoր ավելի լավ վիճակում է, քան կար, սակայն ժամանակներն են փոխվել. բոլորը ցանկանում են նկարահանել «Եռանկյունի» կամ «3 գումարած 2»: Ամեն տարի փոխվում է հայկական կինոն: Այսօր այն նման է իր ժամանակին  և շատ գեղեցիկ է»,-ասաց Խաչատրյանը՝ կարևորելով այն փաստը, որ նաև հայ կանայք են սկսել կինո նկարահանել: 

Կինոփառատոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Կարեն Ավետիսյանի խոսքով՝  փառատոնի՝ «Հետ նայելով գալիքին» կարգախոսն այն մասին է, որ պետք է առաջ գնալ, ոչ թե փորձել ամփոփել փառատոնը: «Մենք սովոր ենք հոբելյանների ընթացքում խոսել անցած ճանապարհից, ինչը հաճելի է, բայց չի նպաստում առաջխաղացմանը: Փառատոնի յուրաքանչյուր տարին անկրկնելի է, հետևաբար  ժամանակի ոգին զգալ փորձելը, կինոյի լեզվով ինչ-որ բաներ կանխորոշելը ամեն տարվա առաջնահերթությունն է, գրավականն ու մարտահրավերը և այդ իմաստով 20-ը հերթական տարի է, ցավոք, բավականին տխուր, նյարդային, ինչը երևում է էկրանին, բայց դրա հետ հարաբերվելը մեզ համար ավելի կարևոր է, քան ուղղակի դրական էմոցիաներ փոխանցելը, որի համար փառատոնը լավագույն առիթը չէ»,-շեշտեց Ավետիսյանը:

Անդրադառնալով փառատոնի միջոցով Հայաստանին ու Արցախին վերաբերող լրջագույն խնդիրները միջազգային հարթակում բարձրաձայնելուն՝ Ավետիսյանը նշեց, որ իրականությունն այնպիսին է, որ անգամ քաղաքական, դիվանագիտական, խնդիրների հետ ավելի ուղիղ առնչություն ունեցող գործիքակազմն է խնդրահարույց խնդիրների լուծման շուրջ, իսկ արվեստը միշտ էլ միջնորդավորված ազդեցություն է ունենում այդ ամենի վրա: Նա հիշեցրեց, որ «Ոսկե ծիրան»-ի բացման ֆիլմը՝ «Լուկա»-ն, զուգահեռ ցուցադրել են նաև Ստեփանակերտում՝ ընդգծելով, որ Արցախի խնդիրը բոլորի համար շատ կարևոր է:

Փառատոնի փակմանը Լիամետրաժ ֆիլմերի միջազգային մրցույթում «Ոսկե ծիրան»-ի արժանացավ Սպիրոս Յակովիդեսի «Սև Քարը»։ «Արծաթե ծիրան» ստացավ Սիման Կայատիի «Շրջմոլիկը», հատուկ հիշատակման արժանացավ Զառա Դվինգերի «Փոքրիկը»։  

Տարածաշրջանային համայնապատկեր մրցույթում «Ոսկե ծիրան»-ի արժանացավ Աբաս Ամինիի «Անվերջ սահմանները», «Արծաթե ծիրան»-ի՝ Մարիամ Չաչիայի և Նիք Վոյթի «Կախարդական լեռը»։ Հատուկ հիշատակման արժանացավ Խալեդ Ժարարի «Նոթեր տեղահանման մասին» ֆիլմը։  

FIPRESCI մրցանակը տրվեց Մեհրան Թամադոնի «Իմ վատթար թշնամին» կինոնկարին:

«Կորիզ» կարճամետրաժ ֆիլմերի մրցույթում «Ոսկե ծիրան»-ի արժանացավ Արմինե Անդայի «Թռչող տերևների երգը»։ Այն նաև ստացավ Գենադի Մելքոնյանի անվան հատուկ մրցանակը։ «Կորիզ» կարճամետրաժ ֆիլմերի մրցույթում «Արծաթե ծիրան» ստացավ Արման Այվազյանի «Քարերը» վավերագրական ֆիլմը։ Հատուկ հիշատակման արժանացավ Տիգրան Աղաջանյանի «Դատարկությունը»։

Փառատոնի հովանավոր Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի կողմից հանձնվեց հատուկ մրցանակ Թոմեր Հայմանի «Ես չեմ» ֆիլմին։

Փառատոնի փակման երեկույթի գործընկեր Freedom Broker Armenia-ի մրցանակ ստացավ Տեսիլ Մեղդիկյանի «Սատանայի գործերից» կինոնկարը:      

Լիամետրաժ ֆիլմերի մրցույթի ժյուրիի նախագահ ականավոր կինոռեժիսոր Լավ Դիասը արժանացավ «Փարաջանովյան թալեր» մրցանակին։

«Ոսկե ծիրան»-ի շրջանակում ցուցադրվել են երկու տասնյակից ավելի հայկական ֆիլմեր՝ տարբեր անվանակարգերում, որոնց զգալի մասը ստեղծվել է Հայաստանի ազգային կինոկենտրոնի աջակցությամբ, այդ թվում բացման ֆիլմը՝ «Լուկա»-ն։ Ներկայացվել է նաև հայ կինոյի 100-ամյակին նվիրված հատուկ ծրագիր. տեղի է ունեցել իրանական կինոյի նշանավոր վարպետներից մեկի՝ Սամուել Խաչիկյանի ֆիլմերի առաջին հետահայաց ցուցադրությունը Հայաստանում։

Փառատոնի պատվավոր հյուրերից էին Կաննի կինոփառատոնի «Ոսկե արմավենու» ճյուղի կրկնակի դափնեկիրներ Դարդեն եղբայրները, ճապոնացի ռեժիսոր, դերասան, կատակերգու, սցենարիստ, հեռուստահաղորդավար, նկարիչ ու բանաստեղծ, Վենետիկի կինոփառատոնի «Ոսկե առյուծ» մրցանակի դափնեկիր Տակեշի Կիտանոն, օսկարակիր պրոդյուսեր Ջերեմի Թոմասը։ Փառատոնի հատուկ հյուրերից էին նաև Կաննի կինոփառատոնի «Հատուկ հայացք» ծրագրի գլխավոր մրցանակակիր, ղազախստանցի ռեժիսոր Սերգեյ Դվորցևոյը, Կաննի կինոփառատոնի հետխորհրդային տարածաշրջանի գլխավոր խորհրդատու Ժոել Շապրոնը։

 «Ոսկե ծիրան»-ը 2023-ին անցկացվում է հուլիսի 9-16-ը։ Այս տարի ևս միջազգային կինոտոնը հանրությանը ներկայացրեց մրցութային կինոնկարներ աշխարհի տարբեր երկրներից, ինչպես նաև «Երևանյան պրեմիերաներ» ծրագրով ցուցադրեց ֆիլմեր ամենահեղինակավոր (Կաննի, Բեռլինի, Վենետիկի և այլն) կինոփառատոններից:

Փառառոնն անցկացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։ Երևանի քաղաքապատերանը փառատոնի գլխավոր հովանավորն է։