«Արևմտյան Նեղոսի» տենդ. վարակման քանի՞ նոր դեպք ունենք

Հայաստանում բուռն քննարկումների և ինչ–որ տեղ նաև վախի առարկա է դարձել նոր վարակը՝ «Արևմտյան Նեղոսի» տենդը։ Վարակված մոծակից մարդուն փոխանցվող այս վարակը Հայաստանում արձանագրվել է առաջին անգամ:
MediaHub-ը բազմաթիվ ահազանգեր է ստանում ընթերցողներից, թե, գուցե, արդյո՞ք «Արևմտյան Նեղոսի» տենդով վարակվածների թիվը ավելի մեծ է, քան այն, որը ներկայացնում է Առողջապահության նախարարությունը: Իսկ ահազանգած քաղաքացիներից մեկն էլ ասաց, թե խոսակցություն է լսել, որ մահվան նոր դեպք ենք ունեցել այս տենդից:
Նախ, MediaHub-ը կապ հաստատեց Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի հետ, որտեղից փորձեցինք ճշտել՝ վարակման նոր դեպքեր կա՞ն և արդյո՞ք ճիշտ են մահվան մասին խոսակցությունները: Սակայն կենտրոնից մեզ հորդորեցին դիմել ՀՀ առողջապահության նախարարություն, քանզի իրենք իրավասու չեն տվյալներ հրապարակել:
Առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից էլ հայտնեցին, որ «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման Ազգային կենտրոնը» թարմացնում է հաստաված դեպքերի թիվը շաբաթը մեկ, վերջին տվյալներով՝ օգոստոսի 23-ի դրությամբ, հաստատված դեպքերի թիվը 75-ն է:
MediaHub-ը հիշեցնում է, որ վարակաբանները զգուշացնում են՝ այս հիվանդությունը պատվաստանյութ չունի, չհիվանդանալու համար պետք է պաշտպանվել նույն մեթոդներով, որոնցով ավանդաբար պաշտպանվում են մոծակներից, այսինքն՝ ծածկել մարմինը և քնել մոծակապաշտպան տարածքում:
Նշենք, որ «Արևմտյան Նեղոսի» տենդը մարդուց մարդուն չի փոխանցվում, դեպքերի մեծամասնությունում հիվանդությունն ընթանում է անախտանիշ։
Մարիաննա Արամյան