Ի՞նչ փաստաթուղթ են դնելու Քիշնեւում Փաշինյանի առջև 

Ի՞նչ փաստաթուղթ են դնելու Քիշնեւում Փաշինյանի առջև 

Հունիսի 1-ին Քիշնեւում կայանալիք հնգակողմ հանդիպումից առաջ Նիկոլ Փաշինյանը երեկ առանձին-առանձին փակ հանդիպումներ է ունեցել լրագրողական, փորձագիտական շրջանակների հետ, իսկ ավելի ուշ նաեւ ՔՊ-ական պատգամավորների, ապա նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ։ 

MediaHub-ի աղբյուրների փոխանցմամբ՝ Փաշինյանը հանդիպումներին ակնարկել է, որ Քիշնեւի հնգակողմ հանդիպման ժամանակ գուցե իրեն պարտադրեն մի փաստաթուղթ, որը բացասական իմաստով շրջադարձային կլինի Հայաստանի եւ Արցախի ճակատագրի համար։ Ուշագրավ է, որ փորձագիտական դաշտի հետ հանդիպում է ունեցել նաեւ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ 

Փաշինյանը երեկ Ազգային ժողովում հայտարարեց, որ Քիշնեւի հգնակողմ հանդիպման ժամանակ «Խաղաղության պայմանագիր» չի ստորագրվելու, քանի որ Ադրբեջանը դեռեւս չի արձագանքել Հայաստանի կողմից խմբագրված տարբերակին։

«Առաջիկայում Քիշնեւում հնգակողմ հանդիպում է տեղի ունենալու, քննարկում կար՝ արդյո՞ք հնարավոր է, որ հունիսի 1-ին «Խաղաղության պայմանագիր» ստորագրվի, ես ասեմ, որ մենք դեռեւս չենք ստացել Ադրբեջանի մեկնաբանությունները՝ Վաշինգտոնից առաջ իրենց փոխանցած մեր առաջարկների վերաբերյալ։ Արդեն չորրորդ խմբագրումն է «Խաղաղության պայմանագրի»։ Այն մենք փոխանցել ենք ադրբեջանական կողմին եւ այս պահի դրությամբ դեռեւս դրանց մեկնաբանությունները չենք ստացել։ Հետեւաբար, այս պահի դրությամբ չկա համաձայնեցված նախագիծ, որը հնարավոր լիներ ստորագրել»,-ասել է Փաշինյանը։ 

Անդրադառնալով Ալիեւի՝ նախօրեին Լաչինում հնչեցրած այն հայտարարություններին, թե

«Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելուց բացի, Հայաստանը պետք է կատարի Ադրբեջանի մի քանի այլ նախապայմաններ, այդ թվում՝ երկրների միջև սահմանազատումը պետք է տեղի ունենա Ադրբեջանի պայմանների հիման վրա», Փաշինյանը հռետորական հարց հնչեցրեց՝ «հրաժարվում է արդո՞ք Ադրբեջանի նախագահը բրյուսելյան պայմանավորվածություններից»։ Այս հարցի հասցեատերը ոչ այնքան հայ հասարակությունն էր, որքան միջազգային հանրությունը։Պատասխանն անուղղակի ձեւով թերեւս կհնչի հունիսմեկյան քիշնեւյան հնգակողմ հանդիպմանը, որին ներկա կլինի նաեւ Փաշինյան-Ալիեւ բրյուսելյան հանդիպման միջնորդ ԵՄ նախագահ Շարլ Միշելը։ 

Կարո՞ղ ենք ենթադրել, որ եթե պարզվի, որ Ալիեւը հրաժարվում է բրյուսելյան պայմանավորվածություններից, այսինքն  բանակցությունների բովանդակությունը փոխվում է, սեղանի վրա դրվում է Հայաստանի եւ Արցախի տարածքային ամբողջանակությանն ու անվտանգության սպառնացող նոր փաստաթուղթ։

Լիա Սարգսյան