Սրբապղծություն է, բարբաջանք, ինչպե՞ս կարող է արգելվել Եռաբլուրում հուղարկավորություն անելը․ գեներալ

Սրբապղծություն է, բարբաջանք, ինչպե՞ս կարող է արգելվել Եռաբլուրում հուղարկավորություն անելը․ գեներալ

Սրբապղծություն է, բարբաջանք, այլ բառ չունեմ։ MediaHub.am-ի հետ զրույցում այսպիսի որակում տվեց գեներալ-մայոր Վարդան Ավետիսյանը՝ անդրադառնալով լուրերին, թե, իբր, ուժային կառույցներից հորդորում են զոհվածների ծնողներին իրենց զավակներին ընտանեկան գերեզմանատներում հուղարկավորել, քանի որ Եռաբլուրը ծանրաբեռնված է։ 

«Նման լուրեր տարածողներն այս պահին փորձում են խաղալ մարդկանց զգացմունքների հետ, նրանց հոգու նուրբ, զգայական լարերին են դիպչում։ Բայց երևի պիտի հասկանան, որ այս պահին ինքնափիարվելու ժամանակը չէ»,- ասաց Ավետիսյանը։ 

Ըստ գեներալ-մայորի՝ Եռաբլուրը սրբատեղի է, և այնտեղ խոսք անգամ չի կարող լինել հուղարկավորությունների արգելքի մասին։ 

«Մենք պանթեոնը բարեկարգում ենք, նոր փոսեր են փորվում, ցավոք։ Իհարկե, Աստված ոչ անի, որ նոր հուղարկավորությունների առիթ լինի, բայց մենք պատրաստ ենք ընդունել ընկած հայորդիներին»,- նշեց նա։ 

Վարդան Ավետիսյանը կոչ արեց, որ գոնե Եռաբլուրի ու տղաների մասին կեղծ նյութեր չտարածեն՝ խոսքը մեր ընկած եղբայրների մասին է։ 

Նարե Գնունի