Ամուսինս զոհվեց, մեկ շաբաթ որդուս մասին լուր չունեի․ Սոնան անցել է դժոխքի ճանապարհով 

Ամուսինս զոհվեց, մեկ շաբաթ որդուս մասին լուր չունեի․ Սոնան անցել է դժոխքի ճանապարհով 

«Սեպտեմբերի 27-ին գաղթի ճանապարհը բռնեցինք նաև մենք։ Դա մի անբացատրելի զգացողություն էր, ու թվում էր՝ կյանքը կանգ էր առել մեր ընտանիքի համար։ Հիմա էլ, երբ Երևանում ենք, միևնույն է, մտքով, սրտով դեռ Ստեփանակերտում եմ։ Այնտեղ ամենաթանկն եմ թողել ու մեկ-մեկ մտածում եմ՝ «ինչ էլ լինի, առաջինը պիտի գնամ, որ ամուսնուս գերեզմանն անծաղիկ ու անլաց չմնա»»,- MediaHub-ի հետ զրույցում պատմում է Սոնա Բարսեղյանը։

Ամուսինը՝ 44-ամյա Սերգեյը, որ լցված էր կյանքով ու դեռ պիտի ապրեր ու ապրեցներ, սեպտեմբերի 19-ին սկսված պատերազմում զոհվեց աշխարազոր ուժերի՝ Շոշ գյուղի մերձակայքում տեղակայված դիրքերում։ 

«Նախօրեին սկեսուրիս ծննդյան տարեդարձն էր։ Զանգեց ու հերթով խոսեց բոլորի հետ։ Մոր ծնունդը շնորհավորելուց հետո խոսեց իմ ու երեխաների հետ։ Միայն հետո եմ սկսել վերլուծել, թե ինչո՞ւ այդքան երկար խոսեց ու բոլորի հետ։ Տրամադրությունը բարձր էր։ Ոչ մեկի մտքով չի էլ անցել, որ դրանից հետո մեկ շաբաթվա մեջ մեր կյանքն ամբողջովին կփոխվի»,- պատմում է կինը։ 

Սերգեյ Բարսեղյանն Արցախի վետերանների միության անդամ է, մասնակցել է հայրենիքի պաշտպանության համար մղված պատերազմներին։ 4 երեխաների հայրը սեպտեմբերի 19-ին դիրքերում էր, երբ Ադրբեջանը լայնամասշտաբ պատերազմ սանձազերծեց Արցախի դեմ։

Դրանից առաջ սահմանային կուտակումների ու զորքի տեղաշարժով պայմանավորված մի քանի անգամ հայկական զորքը բերվել է մարտական պատրաստության աստիճանի։ Որ պատերազմ ամեն դեպքում լինելու է, զինվորականների համար անակնկալ չէր։ 

«Սերգեյը Շոշի ուղղությամբ էր, 23 տարեկան որդիս՝ Դավիթը, Մարտակերտի։ Դե պատկերացրեք իմ վիճակը, ապրումներս, զգացողություններս, անհանգստություններս, այն դեպքում, երբ կապն իսպառ բացակայում էր։ Նույն օրը Սերգեյը զոհվում է դիրքի ռմբակոծության ժամանակ և լուրը հասավ մեր տուն»։ 

Սոնան ամեն կերպ փորձում էր ուժեղ գտնվել, չհանձնվել, քանի որ նրա աչքերին նայողներ շատ կային ընտանիքում։ Անորոշ այդ ժամանակաշրջանում Սերգեյին ընտանիքը հուղարկավորել է Ստեփանակերտի զինվորական հուշահամալիրում` չմտածելով գաղթի ու Արցախի հայաթափման մասին։ Դրանից հետո գիշեր-ցերեկ 43-ամյա կինն աղոթել է որդու՝ պայմանագրային զինծառայող Դավիթ Բարսեղյանի համար, որից օրերով որևէ լուր չի ունեցել։

«Շատ վտանգավոր վիճակ էր ստեղծվել։ Ադրբեջանցիները համարյա հասել էին Ստեփանակերտ, մե՛կ հայաթափման մասին էին խոսում, մե՛կ համբերատարությամբ սպասելու։ Դավիթն իր ընկերների հետ շրջափակման մեջ էր հայտնվել, միայն օրեր անց հաջողվել է նրանց ևս դուրս բերել, հասել է Ստեփանակերտ սեպտեմբերի 25-ին` Սերգեյի զոհվելու 7-րդ օրը։ Եկավ, տեսավ` հայրը չկա»,- հիշում է Սոնան։ 

Դավիթն ընտանիքի անդամների հետ գնացել է հուշահամալիր, հարգել հոր հիշատակը։ Մայրը պատմում է, որ զավակները շատ կապված էին հոր հետ ու հիմա էլ կարոտում են օկուպացված հայրենիքում մնացած նրա գերեզմանը։

«Այդ օրը երեկոյան Դավիթը որոշեց գնալ վառելիք բերելու, որ հոր մեքենան էլ դուրս բերի Արցախից։ Բայց ուշ երեկոյան իմացանք, որ պահեստում հրդեհ է բռնկվել։ Գիտե՞ք, հիմա պատմության պես ներկայացնում եմ իրադարձությունները, բայց մի օրը նման էր մի ամբողջ կյանքի։ Դավիթի մարմինը 60% այրվածք էր ստացել։ Նույնիսկ հույս չկար, որ կապրի։ Այնքան եմ ասել՝ «տեր Աստված, Սերգեյից հետո գոնե Դավիթին պահի․․․», պահեց»,- արտասվում է Սոնան։ 

Սեպտեմբերի 26-ին ուղղաթիռով նրան ևս տեղափոխել են Երևան։ Հիվանդանոցում 3 ամիս բուժումներ ստանալուց հետո Դավիթը ոտքի է կանգնել։ Սոնան ասում է, որ որդու ապաքինման հարցում մեծ դեր է ունեցել իր սիրելին։ Նրանք նշանադրվել էին Ստեփանակերտում, իսկ ապագայում նաև ընտանիք պիտի ստեղծեն։

«Հիմա, երբ Դավիթս առաջ է գնում, մեզ միայն մի հարց է տանջում՝ Սերգեյի գերեզմանը ու իր հանդեպ ունեցած մեր անսահման կարոտը, որ պիտի փարատենք՝ նրա գերեզմանին այցելելով»,- հավելեց մեր զրուցակիցը։

Հունան Թադևոսյան