Մաքսատուրքից ազատման արտոնություն՝ «Չապ քեմիքլ» և «Սմարթ Սիստեմ» ՍՊԸ-ներին

Մաքսատուրքից ազատման արտոնություն՝ «Չապ քեմիքլ» և «Սմարթ Սիստեմ» ՍՊԸ-ներին

Կառավարության այսօրվա նիստում էկոնոմիկայի նախարարի առաջարկով գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ սակագնային, մասնավորապես, ներմուծման մաքսատուրքից ազատելու ազատման արտոնություն կտրվի միանգամից երկու ընկերության՝ «Չապ քեմիքլ» և «Սմարթ Սիստեմ» ՍՊԸ-ներին։

 «Չապ քեմիքլ»-ի մասով նախագծի հիմնավորման մեջ նշված է, որ ընկերության կողմից ներմուծվող հումքը նախատեսվում է օգտագործել օճառի  արտադրության համար։ 

Արտադրությունն իրականացվելու է Գյումրի քաղաքում։ Ընկերությունը հիմնադրվել է 1999 թվականին։ Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 20 մլն դրամի ներդրում հումքի ձեռքբերման և 70 մլն դրամի ներդրում արտադրամասի շինարարական աշխատանքների իրականացման համար։

Ներկայումս առկա է 10 աշխատատեղ 97 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Ներդրումային ծրագրի շրջանակներում, մինչև 2026 թվականը ընկած ժամանակահատվածում, նոր աշխատատեղերի ստեղծում չի նախատեսվում։

Իսկ «Սմարթ Սիստեմ»-ի մասով նախագծի հիմնավորման մեջ նշված է, որ  ընկերության կողմից ներմուծվող սարքավորումներով նախատեսվում է ՀՀ-ում զարգացնել և ընդլայնել էլեկտրական մեքենաների միջոցով փոխադրումների իրականացման հնարավորությունները՝ կատարելով էլեկտրական մեքենաների տեխնիկական սպասարկում և նորոգում։ Ծրագիրն իրականացվելու է Երևան քաղաքում։ Ընկերությունը հիմնադրվել է 2018 թվականին։ Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 72 մլն դրամի ներդրում սարքավորումների ձեռքբերման համար (ներառյալ ներմուծվող ապրանքների արժեքը)։

Այս պահին առկա է 18 աշխատատեղ՝ 130 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Ներդրումային ծրագրի շրջանակներում մինչև 2025 թվականը նախատեսվում է աշխատատեղերի թիվը հասցնել մինչև 23-ի՝ 140 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։