«Խաղաղության պայմանագիրը» հավասա՞ր է ռազմագերիների վերադարձին. ի՞նչ կտա Փաշինյանի՝ Բաքու գնալը

Ռազմագերիների վերադարձի հարցը շարունակում է «օդից կախված մնալ»՝ պատված անտարբերությամբ:
Ինչպես հայտնի է, Ադրբեջանն այս տարի կհյուրընկալի ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի Մասնակիցների կոնֆերանսի հերթական նստաշրջանը՝ COP-29-ը, որը կանցկացվի Բաքվում նոյեմբերի 11-24-ը։
Դեռ հունիսի սկզբին հղում անելով իր աղբյուրներին՝ MediaHub-ը գրել էր, որ Նիկոլ Փաշինյանին ևս հրավեր ուղարկվել է, և չի բացառվում, որ նա մեկնի: Ավելին, մեր աղբյուրի փոխանցմամբ, թե՛ Երևանը, թե՛ Բաքուն այս միջոցառումը դիտարկում են որպես հարթակ, որտեղ, հնարավոր է, ստորագրվի այսպես կոչված «խաղաղության պայմանագիրը», ինչն էլ Բաքվի վերջնական հաղթանակը կլինի:
Համացանցում տեղեկություններ են շրջանառվում, որ բացի այն, որ «խաղաղության պայմանագիրը» կարող է ստորագրվել Բաքվում, նաև ռազմագերիների վերադարձի հարցը պատերազմի ավարտից չորս տարի անց կարող է հենց Բաքվում լուծվել.... եթե Փաշինյանը նման կամք դրսևորի և դա որպես պայմանագրի ստորագրման հստակ նախապայման առաջ քաշի :
Արդյո՞ք հնարավոր է գերիների վերադարձը «խաղաղության պայմանագրի» ստորագրման դիմաց, քանի՞ գերի կա այս պահին Բաքվում՝ պաշտոնապես հաստատված և ոչ պաշտոնական տվյալներով, ի՞նչ է անում պետությունն այս չափազանց զգայուն հարցով. այս և այլ հարցերի շուրջ MediaHub-ը զրուցեց Միզազգային և համեմատական իրավունքի կենտրոնի նախագահ Սիրանուշ Սահակյանի հետ։
«Գերիների թիվը՝ պաշտոնապես հաստատված 23-ն է, որոնք տարբեր կարգավիճակ ունեն. կան ռազմագերիներ, քաղբանտարկյալներ: Իսկ ոչ պաշտոնական՝ մենք ունենք առնվազն 80 դեպք, երբ անձինք գերեվարված են եղել Ադրբեջանի ԶՈՒ ներկայացուցիչների կողմից, սակայն, չեն հաստատվել, և այս պահին իրենք ունեն ոչ թե գերեվարվածի, այլ բռնի անհետացածի կարգավիճակ»,– ասաց Սահակյանը։
Գերիների վերադարձի հարցում պետության քայլերի, արած և չարածների մասին խոսելիս Սահակյանը նշեց, որ կարևորում է իրավական գործընթացները, սակայն դրանց անմիջական հետևանքը չեն տեսնում 23 անձանց մասով: Բայց, ավելացրեց նա, միևնույն է դրանք իրենց ազդեցությունը թողել են քաղաքական գործընթացների վրա և նպաստել են շուրջ 200-ից ավելի գերիների վերադարձնելուն: Ասաց՝ իրավական գործընթացները վարվում են թե՛ պետության, թե՛ մասնավոր փաստաբանների կողմից, և այդ համատեղ ջանքերը կարևոր նշանակություն ունեն։
«Մեզ մոտ հիմնական թերացումները կապված են բանակցային գործընթացի հետ, որ այս անձանց հայրենադարձումը ոչ թե նախապայմանն է խաղաղության շուրջ փաստաթղթերի ստորագրմանը, այլ ընկալվում է որպես հետևանք, և Ադրբեջանում պահվող հայերի գործոնն օգտագործվում է իշխանությունների վրա ճնշում գործադրելու նպատակով, այսինքն, հավելյալ լծակ է Ադրբեջանի ձեռքերում»,– ասաց Միզազգային և համեմատական իրավունքի կենտրոնի նախագահը։
Իսկ հարցին, թե հավանական համարո՞ւմ է, որ գերիների վերադարձը «խաղաղության պայմանագրի» ստորագրման համատեքստում գլխավոր նախապայման առաջ քաշվի ՀՀ իշխանության կողմից, Սահակյանը դրական արձագանքեց՝ նշելով, որ նման հնարավորություն տեսնում է, և որ գերիների վերադարձին նախորդող գորընթացներից ակնհայտորեն երևում են քաղաքական տարրը և պայմանավորվածությունների հիման վրա նրանց ազատ արձակումը:
Թեև, ավելացրեց նա, որպես կանոն, հայկական կողմի զիջումների դիմաց են ազատ արձակվում կամ եթե տեղի են ունենում էական զարգացումներ, և առաջընթաց է արձանագրվում քաղաքական բանակցային գործընթացում։
«Իմ գնահատմամբ՝ իրատեսական կարող է լինել՝ որոշակի փաստաթղթերի ստարագրմամբ միջազգային զարգացումներին համընթաց որոշակի թվով անձանց ազատ արձակումը։ Սակայն, ազատ արձակման գործընթաց չի կարող լինել առանց պաշտոնականացման, այդ խմբի (առնվազն 80 դեպք) խնդիրները տարբեր են գերիների խնդրից. եթե գերիների պարագայում ունենք վերադարձնելու հարց, ապա այստեղ երկխոսությունը պետք է ընթանա հաստատման շուրջ»,- եզրափակեց Սահակյանը։
Մարիաննա Արամյան