Ֆրանսիայի դեսպանի նուրբ ակնարկը

Հայաստանն ու Ֆրանսիան պաշտպանության ոլորտում համագործակցություն են կառուցում երկարաժամկետ կտրվածքի համար, «Արմենպրես»-ի հետ զրույցում ասել է Հայաստանում
Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին՝ շեշտելով՝ միջոցները, որ Ֆրանսիան տրամադրում է Հայաստանին, ուղղված են բացառապես Հայաստանի պաշտպանությանը։
Ֆրանսիային մտահոգում է Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքային ամբողջականության խախտումը, ասել է դեսպանը՝ շեշտելով՝ նախորդ մի քանի տարիներին Հայաստանի հարևան պետությունը՝ Իրանը, ևս շատ անգամ մտահոգություն է հայտնել Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության առումով:
Ուշագրավ է դեսպանի հատկապես երկրորդ ակնարկը, որը վերաբերում է Փարիզի և Թեհրանի դիրքորոշումների «ներդաշնակությանը»:
Սա ամբողջովին տեղավորվում է Ֆրանսիայի քաղաքականության տրամաբանության մեջ, որը շեշտում է արևմտյան մյուս երկրներից տարբերվող դիրքորոշումը:
Մի կողմից, Փարիզը կասկածի տակ է դնում արևմտյան մյուս պետությունների անկեղծությունը՝ Հայաստանի տարածքային ամբողջականությունը պաշտպանելու հարցում, մյուս կողմից՝
«Հայկական հարցում» միանգամայն հնարավոր է համարում Ֆրանսիայի և Իրանի համագործակցությունը, եթե նույնիսկ նրանց միջև գոյություն ունեն գլոբալ հակասություններ:
Արդյո՞ք Երևանը կարող է օգտվել այս հանգամանքից, դրա հե՞տ է կապված Սուրեն Պապիկյանի այցը Թեհրան, որն, ըստ էության, հաջորդում է Ֆրանսիայի ՊՆ նախարարի երևանյան այցին:
Այս հարցերը դեռևս հռետորական են՝ առանց կոնկրետ պատասխանների:
Վահրամ Բագրատյան