Bastion-ի առեղծվածը

Bastion-ի առեղծվածը

Նախօրեին տեղեկություն էր տարածվել, որ Ֆրանսիայից Bastion զրահատեխնիկայի խմբաքանակը հասել է Հայաստան։ 

Այդ կապակցությամբ Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը դատապարտող մեկնաբանություն է տարածել. «Ֆրանսիան և Հայաստանը պետք է վերջ տան տարածաշրջանի ռազմականացմանը»։
Այն, որ ֆրանսիական Bastion զրահամեքենաներն արդեն Վրաստանով տեղափոխվել են Հայաստան, հենց ադրբեջանական լրատվամիջոցներն են հայտնել՝ հրապարակելով մի քանի վայրկյան տևողությամբ տեսանյութ՝ պնդելով, որ այն նկարահանվել է վրացական Փոթի նավահանգստում:

Ի դեպ, քանի, որ զրահատեխնիկայի վերաբերյալ Հայաստանի պատկան մարմինները որևէ մեկնաբանություն չեն տվել, շրջանառվող վարկածների պակաս չկա: Անգամ տեղեկություններ են հայտնվել, որ այդ զրահատեխնիկան նախատեսված է ոչ թե Հայաստանին, այլ Վրաստանի համար, կամ, որ զրահատեխնիկան վաղուց Վրաստանում է, բայց այդ երկիրը թույլ չի տալիս դրա անցումը Հայաստան:

Բայց Bastion-ի Հայաստան հնարավոր տեղափոխության վարկածն անուղղակի հաստատում են երկու աղբյուրներ:
Դրանցից մեկը՝ Հայաստանի հատուկ հանձնարարությունների գծով դեսպան Էդմոն Մարուքյանն է, ով ասել է. «Ցանկացած սպառազինության ձեռքբերում Հայաստանի հիմնարար իրավունքն է և կգնի որ երկրից հնարավոր լինի»:

Ֆրանսիայի Quest France թերթն էլ գրել է. «Bastion զրահատեխնիկայի առաջին խմբաքանակը Ֆրանսիան առաքել է Հայաստան Ուկրաինայի փոխարեն։ Ուկրաինան հրաժարվել էր դրանցից, քանի որ խոցելի են հրետանային և հակատանկային կրակի նկատմամբ»։
Այս պատմության մեջ դարձյալ երկու ուշագրավ հանգամանք գոյություն ունի:

Ինչո՞ւ է հայ-ֆրանսիական ռազմատեխնիկական համագործակցությունն ուղղորդում այսպիսի տեղեկատվական աղմուկ, որը բումերանգի էֆեկտ կարող է ունենալ, այլ խոսքով՝ հնարավոր է Ադրբեջանի մոտ ծնի Հայաստանին կանխարգելիչ հարված հասցնելու գայթակղություն:

Եվ երկրորդը, արդյո՞ք Ֆրանսիայի հնարավոր մատակարարումները բավարար են՝ Հայաստանի անվտանգության կարիքները բավարարելու համար: Բոլորը հայ-ֆրանսիական ռազմատեխնիկական համագործակցությունը գոհունակությամբ են ընդունում, բայց շատերն այդ համագործակցության ծավալը բավարար չեն համարում՝ առաքումները նույնիսկ համարելով խորհրդանշական:

Վահրամ Բագրատյան