ՀՀ ՊՆ-ն զորավարժությունները չեղարկելու մասին ՀԱՊԿ ՄՇ-ին տեղեկացրել է հունվարի 5-ին

Երեկ մամուլի ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ այս տարի ՀԱՊԿ զորավարժությունները Հայաստանում չեն անցկացվի, և դա պայմանավորված է ստեղծված իրավիճակով (դեկտեմբերի 12-ից թշնամին փակել է Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը, խմբ.):
Միևնույն ժամանակ, նա տեղեկացրեց, որ ՊՆ-ն արդեն այդ մասին հայտնել է ՀԱՊԿ գործընկերներին։ Չնայած դրան, այսօր ՀԱՊԿ մամուլի քարտուղարը հաղորդագրություն տարածեց, նշելով, որ Հայաստանից նման դիմում չի ստացվել։
Ինչո՞ւ է նման հակասություն առաջացել. MediaHub.am-ը փորձեց պարզել ՀՀ պաշտպանական գերատեսչությունից։
«Ինչպես հայտնեց ՀՀ վարչապետը, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը, հաշվի առնելով ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակը, «Անքակտելի եղբայրություն-2023» զորավարժության անցկացումը ՀՀ-ում համարել է ոչ նպատակահարմար և այդ մասին հունվարի 5-ին պաշտոնական գրությամբ տեղեկացրել է ՀԱՊԿ ՄՇ պետին:
Հունվարի 10-ին ՀԱՊԿ Միացյալ Շտաբի մամուլի քարտուղար Վլադիսլավ Շեգրիկովիչը լրատվամիջոցներին հայտնել է, որ ՀԱՊԿ Միացյալ Շտաբը ստացել է ՀՀ ՊՆ պաշտոնական գրությունը և դիտարկում է զորավարժությունը ՀԱՊԿ այլ անդամ պետության տարածքում անցկացնելու հարցը», - MediaHub֊ի հետ զրույցում ասաց ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը:
Նարե Գնունի