Գյուղերը պետք է կոյուղի ունենան, բայց չունեն, Սերժ Սարգսյանի գործով դատավորի շուրջ կրքերը թեժացել են. Մամուլը սուրճով

«Փաստ» օրաթերթը գրում է.
Երևի թիվ 1 հեծանիվը խափանվել է: Միգուցե նստարանն է վնասվել: Իսկ հնարավոր է՝ աշնանային եղանակն է ինչ-որ տրտմահետք թողել: Բայց փաստը մնում է փաստ, որ Նիկոլ Փաշինյանը վերստին «փիլիսոփայական» փայլատակում է ունեցել, ինչի հետևանքն է նրա այս գրառումը. «Սոցիալ-հոգեբանության տեսակետից մեր առաջնային խնդիրներից մեկը հետևյալն է. հայի հետին խելքը բերել էականորեն առաջ»: Անկեղծ լինենք՝ միանգամայն համամիտ ենք Նիկոլ Փաշինյանի ասածին: Չէ, խոսքը «առաջնային խնդիրներից մեկի» մասին չէ: Մեր հասարակությունը շատ լավ գիտի, թե որն է մեր «առաջնային խնդիրներից մեկը», ավելի ստույգ՝ ամենաառաջնայինը: Համաձայնությունը վերաբերում է զուտ «հայի հետին խելքը առաջ բերելուն»: Այ, սրան անվերապահ համաձայն ենք:
Պարզապես, «հայի հետին խելքը» պիտի առաջ բերված լիներ անհամեմատ շուտ՝ 2018-ին, կամ գոնե՝ 2021-ին, թեկուզ՝ 2022-ին, առնվազն՝ 2023-ին: Պատկերացնո՞ւմ եք, եթե «հայի հետին խելքն առաջ բերված լիներ» նշված թվերին ու ժամանակներում, ապա նախ՝ չէր լինի պատերազմ, Արցախը կշարունակեր լինել հայկական, իսկ թշնամին, իր արմունկները կրծելով, ստիպված կլիներ հաշվի նստել այդ իրողությունների հետ՝ շարունակելով գանգատվել, որ փակ դռների ետևում իրեն ստիպում են ճանաչել Արցախը: Մեր հազարավոր լուսավոր տղաներն էլ արդեն որը բուհի ավարտական կուրսում կլիներ, որը՝ ամուսնացած, որը՝ հայր դարձած...
Եթե գոնե 2021-ին «հայի հետին խելքը», առհասարակ՝ խելքը առաջ բերված լիներ, ապա երկիրն ու ժողովրդին աղետի մատնածները չէին վերարտադրվի որպես իշխանություն, պարտության խորհրդանիշը վարչապետ չէր մնա, ու էլի՝ Արցախը հայկական կլիներ, սահմանները՝ պաշտպանված, հանրությունն էլ՝ աղետի հետևանքների հաղթահարման վրա կենտրոնացած: Թե որ «հայի հետին խելքն առաջ բերված» լիներ, չէր լինի ներազգային պառակտում, չէր լինի ներքին թշնամանք, ու... այս հրապարակման կարիքն էլ չէր լինի:
«Ժողովուրդ» օրաթերթ-ը գրում է.
«2019 թ․-ի հոկտեմբերի 12-ին Նիկոլ Փաշինյանը ելույթ ունենալով «Իմ քայլը հանուն Արագածոտնի մարզի» ներդրումային բիզնես ծրագրերի համաժողովին, խոստացավ, որ գյուղերը պետք է ունենան կոյուղի, գյուղական տներում պետք է լինի բաղնիք, ցնցուղ, տաք ջուր եւ գյուղի տների դրսի զուգարանի կուլտուրան պետք է դուրս գա մեր մշակույթից:
Սակայն իրականում Գյուղական տներում նույն վիճակն է, ինչը կար այս խոստումից առաջ։ Կոյուղի անցկացնելու համար մարդիկ փորոմ են հողը եւ կոյուղիաջրերը լցնում հողի տակ: Կենցաղային կյանքի բարելավման մասով, պետությունը բացարձակ ոչինչ չի արել, հետեւաբար փոփոխություն տեղի չի ունեցել։ Ավելին, գյուղատնտեսության ոլորտում միայն անկումներ են։ Նիկոլ Փաշինյանը, սակայն, բազմիցս հայտարարել է, որ քանի գյուղացիները մտածողությունը չեն փոխել, աղքատությունն իրենց գլխից չեն հանել, չեն զարգանա»։
«Ժողովուրդ» օրաթերթ-ը գրում է.
«Սերժ Սարգսյանի գործը քննող դատավոր Վահե Միսակյանի կարգապահական վարույթի շուրջ կրքերը թեժ են ԲԴԽ-ում։ Ինչպես հայտնի է՝ դատավորի կարգապահականի վերաբերյալ որոշումը պետք է հրապարակվեր սեպտեմբերի 30-ին` երկուշաբթի, սակայն «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ որոշման հրապարակումը ԲԴԽ-ն հետաձգեց եւ նշանակեց հոկտեմբերի 4-ին։
Դատական համակարգում խոսակցություններ են պտտվում, որ հետաձգման պատճառներից մեկն այն է, որ դատավորի հարցի շուրջ ԲԴԽ-ում թեժ խոսակցություններ են եղել, ու հնարավոր չի եղել որոշում կայացնել: Շատ դատավորների խոսակցություններ են հասել, որ որոշման հետաձգումը կապված է եղել ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանի մտերիմ ընկեր Գրիգոր Մինասյանի շուրջ ծավալված դեպքերի հետ, ու ԲԴԽ-ն վճռել է որոշումը հրապարակել ավելի ուշ` սպասելով, թե ինչպես կվարվի քաղաքական իշխանությունը Գրիգոր Մինասյանի հետ։
Արդյունքում, Մինասյանը լքեց համակարգը։ Եվ ահա դատական համակարգում այն կարծիքին են, որ անկախ արդարադատության ոլորտում առկա քաոսից` ԲԴԽ-ն կդադարեցնի Միսակյանի լիազորությունները՝ ցույց տալով իր հավատարմությունը Նիկոլ Փաշինյանին։
Ինչպես հայտնի է՝ այս տարվա ընթացքում երկրորդ անգամ է դատավոր Միսակյանի դեմ կարգապահական վարույթ հարուցվում։ Առաջին անգամ այս տարվա ապրիլի 24-ին Բարձրագույն դատական խորհուրդը, քննելով Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովի միջնորդությունը՝ Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Վահե Միսակյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ, որոշեց բավարարել այն. Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Վահե Միսակյանին հայտարարվեց խիստ նկատողություն:
Ըստ դատախազության հաղորդման՝ Վազգեն Մանուկյանի գործով, իբրեւ թե, դատավարական ժամկետների խախտում կար:
Դատելով իրավիճակից՝ երկրորդ վարույթը ճակատագրական ավարտ կունենա դատավորի համար:
Հավելենք, որ Վահե Միսակյանը Սերժ Սարգսյանին արդարացրած դատավորն է»։