Սարուխանյանի մորաքրոջ որդին սկանդալի կենտրոնում է, Լուսինե Բադալյանը մերժում է․ Մամուլը՝ սուրճով

Սարուխանյանի մորաքրոջ որդին սկանդալի կենտրոնում է, Լուսինե Բադալյանը մերժում է․ Մամուլը՝ սուրճով

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՔՊ խմբակցության պատգամավոր Կարեն Սարուխանյանի մորաքրոջ որդին սկանդալի կենտրոնում է հայտնվել։

Մանրամասնենք. պատգամավորի մորաքույրը Նելլի Խոջումյանն է, որը Շիրակի մարզի Կապս գյուղի դպրոցի տնօրենն է, իսկ որդին՝ այսինքն ՔՊ-ական պատգամավորի մորաքրոջ որդին, «Արփի լիճ» ազգային պարկի փոխտնօրենն է։Ըստ մարզում տարածված լուրերի՝ պատգամավորի եղբայրը վերջերս «Աջարաբեթ» բուքմեյքերական ընկերությունում տանուլ է տվել 4 մլն ՀՀ դրամ։ ArmLur.am-ը կապ հաստատեց Կապս գյուղի դպրոցի տնօրեն Նելլի Խոջումյանի հետ՝ մեկնաբանություն ստանալու, վերջինս մեզ հետ զրույցում հերքեց տեղեկությունը՝ ասելով, որ առաջին անգամ է լսում այդ մասին:

ArmLur.am-ը կապ հաստատեց նաեւ ՔՊ պատգամավոր Կարեն Սարուխանյանի հետ՝ կրկին մեկնաբանություն ստանալու նպատակով, Սարուխանյանը շատ վրդովվեց մեր հարցից ու ասաց, թե տեղեկություն չունի. – «Իմ մորաքույրը հեղափոխությունից առաջ էլ է այդ դպրոցի տնօրենը եղել: Ես գիտե՞ք՝ քանի հորքուրի տղա կամ մորքուրի տղա ունեմ, ուզո՞ւմ եք բազա տրամադրեմ», – արձագանքեց նա։ Երբ կրկնեցինք, որ հարցը մորաքրոջ մասին է, որի որդին գումար է տանուլ տվել, Կարեն Սարուխանյանը ասաց, թե արդեն մեր հարցին պատասխանել է»:

 

«Հրապարակը» գրում է․ Իշխանական թիմում խոսում են, որ հաջորդ ընտրություններում իշխանության ցուցակը գլխավորելու է վարչապետի կինը Աննա Հակոբյանը։ Սրանով է պայմանավորված նրա գերակտիվությունը: Նա կառավարությունում աշխատասենյակ, աշխատակազմ, փիառ թիմ ունի։

Ոչ միայն տեղական եւ միջազգային հյուրեր է ընդունում, տարատեսակ միջոցառումներ կազմակերպում, այլեւ, չունենալով որեւէ պաշտոն, ինքն է որոշում պետության կադրային քաղաքականությունը։ Վերջին կադրային փոփոխությունները, ըստ ՔՊ-ականների, իրականացվել են նրա սցենարով։ Մի բան հաշվի չեն առել Աննա Հակոբյանի հակառեյտինգն ավելի բարձր է, քան Նիկոլ Փաշինյանինը:

 

«Հրապարակը» գրում է․ Նիկոլ Փաշինյանի պարտադրանքով մանդատից հրաժարված Նարեկ Զեյնալյանի հեռանալուց հետո ԱԺ առողջապահության մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնը թափուր է մնացել։ Չնայած թիմում խոսում էին, որ, ըստ ամենայնի, այն Մարդու իրավունքների հանձնաժողովի ճակատագրին կարժանանա, երբ Թագուհի Թովմասյանին նախագահի պաշտոնից հեռացնելուց հետո նոր նախագահ չընտրեցին եւ կանոնակարգ օրենքով այդ պարտականությունները դրվեցին փոխնախագահ Ռուստամ Բաքոյանի վրա:

Ուստի, Նարեկ Զեյնալյանից հետո էլ նրա պարտականությունները կիրականացնի Լուսինե Բադալյանը, որն այս հանձնաժողովի փոխնախագահն է, սակայն, մեր տեղեկություններով, Զեյնալյանի հետ կատարվածից հետո նրա հետ բավականին մտերիմ Բադալյանը չի ցանկանում զբաղեցնել այդ պաշտոնը: ՔՊ-ում ստիպված են լինելու հանձնաժողովի նոր նախագահ ընտրել: Որոշ տեղեկություններով, առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանի թեկնածությունն է այժմ դիտարկվում։ Ի դեպ, Լուլուն «նեղ կռուգում» հայտարարել է, որ, ի համերաշխություն Նարեկ Զեյնալյանի, ինքն էլ է վայր դնելու մանդատը, սակայն Զեյնալյանը հորդորել է` նման քայլի չգնալ։