ԱԺ նախագահը չի մեկնի Կանադա․ զանգել-խնդրել են, որ չգա 

ԱԺ նախագահը չի մեկնի Կանադա․ զանգել-խնդրել են, որ չգա 

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 25-30-ը ԱԺ մեծ պատվիրակությամբ պետք է մեկներ Կանադա՝ Օտտավա։ Այս այցը, սակայն, չեղարկվել կամ, ինչպես ԱԺ նախագահի մամուլի խոսնակը մեզ փոխանցեց, հետաձգվել է, և դեռ հայտնի չէ՝ երբ տեղի կունենա։

«Այցը չի չեղարկվել, հետաձգվել է՝ պայմանավորված Կանադայում ստեղծված ներքաղաքական ճգնաժամով։ Կոալիցիոն ուժերից մեկը դուրս է եկել կոալիցիայի կազմից, ու երկրում ճգնաժամ է ստեղծվել։ Կանադայի խորհրդարանի համայնքների պալատի նախագահը զանգել է պարոն Սիմոնյանին ու խնդրել, որ սպասվելիք այցը հիմա տեղի չունենա, և ժամկետները հետաձգվեն, մինչև երկրում այդ ճգնաժամը կհանգուցալուծվի, պարոն Սիմոնյանն էլ համաձայնել է, ու չի լինելու պատվիրակության այցը այս պահին»,- MediaHub-ի հետ զրույցում ասաց Ալեն Սիմոնյանի խոսնակ Մովսես Հարությունյանը։ 

Հարցին՝ անորո՞շ ժամանակով է հետաձգվել այցը, խոսնակն ասաց․ «Այնտեղ իրավիճակը դեռ այս պահին հանգուցալուծված չէ, տարբեր լուծումներ կարող է լինեն, կարող է այդ կոալիցիայի հետ նորից ինչ-որ համաձայնություն ձեռք բերվի, կարող է երկրում նորից ընտրություններ տեղի ունենան, մենք հիմա չենք կարող ասել․ կախված իրավիճակի հանգուցալուծումից՝ կլինեն նոր ժամկետներ»։ 

Ի դեպ, երեկ Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ջոլին Արցախի հայաթափման առաջին տարելիցի կապակցությամբ հանդես է եկել հատուկ հայտարարությամբ՝ նշելով․  «Կանադան աջակցում է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի բանակցային քաղաքական լուծմանը և աջակցում է ուժի չկիրառման, տարածքային ամբողջականության հարգման սկզբունքներին և ինքնորոշման իրավունքին՝ այս տարածաշրջանի ժողովրդի համար արդար և տևական խաղաղության հասնելու բանակցություններում։ Սա պետք է ենթադրի հայ խաղաղ բնակիչների վերադարձի անվտանգ և արժանապատիվ իրավունքը, երաշխավորի մարդու իրավունքների և քաղաքացիական կենսամիջոցների պաշտպանությունը և տարածքում հայկական մշակութային ու պատմական վայրերի պահպանումը»

Այսինքն՝ Կանադայի ԱԳ նախարարը արել է Արցախը հանձնած ու Արցախի հարցը իրենց համար վերջնական փակած ՀՀ իշխանությունների վարած քաղաքականությանն ու դիրքորոշմանը տրամագծորեն հակասող և Արցախի ու արցախցիների շահերից բխող հայտարարություն։ Ուստի հարցրինք ԱԺ նախագահի խոսնակին, թե կարո՞ղ է, իրականում, հենց այս հայտարարությունն է առիթ հանդիսացել չեղարկելու կամ, առնվազն, այս պահին հետաձգելու ԱԺ պատվիրակության այցը Կանադա, քանզի Ալեն Սիմոնյանի համար ևս, ինչպես հասկացանք իր վերջին ճեպազրույցից, Արցախի հարցը փակված է։

«Եթե չեմ սխալվում՝ Կանադայի ԱԳ նախարարի հայտարարությունը եղել է երեկ, իսկ այցի հետաձգումը՝ արդեն երեք-չորս օր առաջ, այսինքն՝ այդ հեռախոսազրույցը եղել է ավելի վաղ, ու իրար հետ կապ չեն կարող ունենալ»,- ասաց խոսնակը։

Իսկ, ամեն դեպքում, եթե այդ հեռախոսազրույցը չլիներ, Կանադայի ԱԳ նախարարի այս հայտարարությունը կարո՞ղ էր ազդել Ալեն Սիմոնյանի որոշման վրա, և նա չեղարկեր իր այցը Կանադա, խոսնակն ասաց, որ դա արդեն քաղաքական հարց է, որին ինքը չի կարող պատասխանել․ «Էդ հարցը արդեն երևի պարոն Սիմոնյանին, երբ հանդիպեք, որովհետև դա քաղաքական է»։ 

Վահե Մակարյան