Ինչպե՞ս կործանվեց Արցախը

Ինչպե՞ս կործանվեց Արցախը

Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, ինչքան էլ այն ցավոտ ու ողբերգական լինի հայ ժողովրդի համար, երաշխավորում էր ԼՂ որոշակի սուբեկտություն՝ ԼՂ-ն նշվում էր որպես միավոր, սահմանվում էր ղարաբաղա-ադրբեջանական շփման գիծ ու ամենակարևորը՝ ամրագրված էր Լաչինի միջանցքը, որն Արցախը կապում էր Հայաստանի հետ: Վերջին հաշվով՝ եռակողմ հայտարարությունը չէր կանխորոշում ԼՂ-ի կարգավիճակը, ինչը նշանակում է՝ նախադրյալներ կային ԼՂ քաղաքական և քաղաքակրթական ինքնության, հայկականության պահպանման համար:

Ամեն ինչ փոխվեց ուկրաինական պատերազմի և հատկապես՝ Նիկոլ Փաշինյանի ապիկար քաղաքականության հետևանքով:

Մի կողմից, ուկրաինական պատերազմը սահմանափակեց Ռուսաստանի տարածաշրջանային ազդեցությունը և ազդեց նրա հեղինակության վրա, մյուս կողմից՝ Նիկոլ Փաշինյանը 2022թ-ի ապրիլից արտաքին քաղաքական ռևերս արեց՝ ապավինելով, այսպես կոչված, բրյուսելյան հարթակին, ինչն էլ դարձավ Արցախի գերեզմանափորը:

Թերևս, Փաշինյանը 2022-ի ապրիլին հապճեպ եզրակացություն արեց, որ ուկրաինական պատերազմում Ռուսաստանի ֆիասկոն կանխորոշված է ու Արևմուտքի հորդորով որոշեց «իջեցնել» ԼՂ կարգավիճակի նշաձողը:

Բրյուսելյան ծուղակի գագաթնակետը դարձավ 2022թ-ի հոկտեմբերի 6-ի Պրահայի քառակողմ հայտարարությունը, որով Փաշինյանը, ԵԽ նախագահ Միշելի, Ադրբեջանի նախագահ Ալիևի ու Գերմանիայի կանցլեր Շոլցի հետ միասին, Արցախը ճանաչեց ունիտար Ադրբեջանի մաս:

Սա ԼՂ հակամարտության վերջակետն էր՝ Փաշինյանի «թեթև ձեռքով», որը ճանապարհ հարթեց Արցախի հայաթափության և կործանման համար:

Վահրամ Բագրատյան