Կոմունալների սխալմունքի առկայության դեպքում մատակարարը կիրականացնի վերահաշվարկ․ ի՞նչ է կատարվում Արցախում

Կոմունալների սխալմունքի առկայության դեպքում մատակարարը կիրականացնի վերահաշվարկ․ ի՞նչ է կատարվում Արցախում

MediaHub-ը օրեր առաջ գրել էր, որ արցախցիները բողոքում են, որ ամսական կոմունալ վճարներն անհասկանալիորեն բարձր են։ 

Մեզ հետ զրույցում Ստեփանակերտի բնակիչներից մեկը պատմել էր, որ հովհարային անջատումների ֆոնին ստիպված են վճարել այնքան, որքան նախկինում, երբ անջատումներ չկային։ 

MediaHub-ին հայտնի դարձավ, որ ԱՀ ԱԺ պատգամավորները հարցումով դիմել են Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովին՝ պարզելու, թե ինչ է իրականում տեղի ունեցել, քանի որ բողոքը համատարած է։ 

Հանձնաժողովի պարզաբանումը հասանելի է դարձել նաև MediaHub-ին, որը ներկայացնում ենք ստորև.

«Սպառողի և մատակարարի փոխհարաբերությունները կարգավորվում են էլեկտրական էներգիայի և բնական գազի մատակարարման կանոներով, ինչպես նաև Մատակարարի և բաժանորդի միջև կնքված պայմանագրերով: Էլեկտրական էներգիայի և բնական գազի արժեքի հաշվարկը հաշվարկվում է հաշվարկային ամսվա ընթացքում սպառողի կողմից սպառված էլեկտրական էներգիայի և բնական գազի քանակությունների և Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի կողմից սահմանված սակագների արտադրյալով: Էլեկտրական էներգիայի և բնական գազի ծավալների սպառողի կողմից օգտագործվող չափաքանակները հաշվարկվում է համապատասխան հաշվիչների միջոցով: Այն հարցադրումը, որ սպառողը վճարում է ավել գումար չօգտագործվածի դիմաց, հանձաժողովը պարզաբանում է. այն սպառողները, ովքեր կասկածում են, երբեմն նաև պնդում, որ վճարում են ավել գումարներ չսպառված էլեկտրական էներգիայի և բնական գազի դիմաց, կարող են դիմել համապատասխան մատակարարին, առևտրային հաշվառքի սարքի աշխատանքի ճշտության ստուգում իրականացնելու նպատակով: Առևտրային հաշվառքի սարքի աշխատանքի ճշտության չափագիտական մաևմնի կողմից հաստատված փորձագիտական եզրակացության հիման վրա, սխալմունքի առկայության դեպքում մատակարարի կողմից կիրականացվի վերահաշվարկ՝ ըստ էլեկտրական էներգիայի (ԷՄՕԿ) և գազի մատակարարման (ԳՄՕԿ) օգտագործման կանոններով հաստատված կարգի»,-ասված է պարզաբանման մեջ։

Լիաննա Թորոսյան