«Ընդդիմությունը ովքե՞ր են»․ կմասնակցե՞ն ՀՀ քաղաքացիները բողոքի ակցիաներին

Ադրբեջանի ՊՆ-ն ամեն օր ապատեղեկատվություն է տարածում` մեղադրելով ՀՀ զինված ուժերին կրակ բացելու համար, մինչդեռ հենց Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումներն են իրականում կրակ բացում տարբեր ուղղություններով տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Ադրբեջանի այս ձեռագիրը նոր չէ, ու ցավոք, մշտապես նման զարգացումներին հաջորդել է թշնամու հերթական ագրեսիան:
Ընդդիմությունը կարծես ակտիվանում է: Այս շաբաթ մի քանի բողոքի ակցիա է նախատեսված, տարբեր կուսակցություններ ու շարժումներ պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։
Ի՞նչ տրամադրություններ կան հասարակության շրջանում, արդյոք կողմ են մարդիկ նման շարժումների, պատրաստվո՞ւմ են միանալ ընդդիմության բողոքի ակցիաներին, թե՞ կարծում են, որ ամեն ինչ լավ է. MediaHub-ն անցկացրեց հերթական հարցումն իր ընթերցողների շրջանում։
Եվ այսպես, կմիանան, արդյոք, բողոքի ակցիաներին հարցին, հարցմանը մասնակցածների 20%-ն ընտրել է «Ոչ, ամեն ինչ լավ է, ինչի՞ են ակցիաներ անում» տարբերակը: «Եթե չմիանանք, մենք էլ ենք մեղավոր այս վիճակի համար» պատասխանն ընտրել է 12%-ը, «Ինչի՞, մենք ընդդիմություն ունե՞նք» տարբերակն ընտրել է հարցվածների 33%-ը: «Այո» պատասխանն ընտրել է մասնակիցների 11%-ը, «Ոչ» տարբերակը՝ 24%-ը։
Ինչպես միշտ ընթերցողները թողել են նաև իրենց մեկնաբանությունները, որոնցից ամենաուշագրավները ներկայացնում ենք ստորև․ «Գործակալները ընդդիմություն չեն կարող կոչվել»։
«Նայած որ ընդդիմությունը, ամեն էշի հետևից հոմ չե՞ն գնա, մի անգամ գնացինք, դաս եղավ»:
«Ընդդիմությունը ովքե՞ր են»:
«Մենք սթափ դատող, հայամետ ընդդիմություն չունենք»։
«Թքա՛ծ ունենք ձեր սուտ ընդդիմություն վրա»։
«Ով ասում է` «մենք չունենք ընդդիմություն, ուրեմն նա իշխանության կողմնակից է», եթե իշխանության կողմնակից չէ և դեմ է իշխանությանը, ուրեմն ընդդիմադիր է։ Դա է «ընդդիմադիր» բառի բացատրությունը»։
Ակնհայտ է, որ հասարակությունը հիասթափված է, բայց ակնհայտ է նաև, որ օրհասական պահ է, և ոչինչ չանել, ասելով, թե «ընդդիմությունը լավը չէ», նշանակում է ՀՀ տարածքը թշնամուն հանձնող իշխանությանը լուռ աջակցել:
Նշենք, որ նյութը պատրաստելու պահին հարցմանը մասնակցել է շուրջ 8000 ընթերցող։
Մարիաննա Արամյան