Դու ինքդ ձախողել ես քո հեղափոխությունը․ Արթուր Խաչատրյանը՝ Փաշինյանին

Դու ինքդ ձախողել ես քո հեղափոխությունը․ Արթուր Խաչատրյանը՝ Փաշինյանին

2021 թվականի բյուջեի կատարողականը ԱԺ ամբիոնից ներկայացնելու ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ բանակցային գործընթացի ողջ պատմության ընթացքում թե՛ Ռոբերտ Քոչարյանը, և թե՛ Սերժ Սարգսյանը, այդպիսով նաև նրանց քաղաքական արբանյակ Դաշնակցությունը Արցախը ճանաչել են որպես Ադրբեջանի մաս և/կամ չեն առաջնորդվել «Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում» սկզբունքով։
Mediahub.am-ի հետ զրույցում արձագանքելով Փաշինյանի այդ հայտարարությանը՝ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը նկատեց՝ Դաշնակցությունը երբեք որևէ ուժի արբանյակ չի եղել, ինչը չես կարող ասել Նիկոլ Փաշինյանի մասին։

«Եթե հիշում եք, հենց ինքը «Իմպիչմենտ» դաշինքով փորձ արեց ինքնուրույն դուրս գալ քաղաքական ասպարեզ, ապա ջախջախիչ պարտություն կրեց, այնուհետև մտավ ՀԱԿ-ի ցանկ, անցավ խորհրդարան, հետո արդեն «ԵԼՔ» դաշինք, և ի տարբերություն Դաշնակցության, իր մասին բազմաթիվ լուրեր կան, թե ինքն ում արբանյակն ու պրոյեկտն է»,- նշեց Խաչատրյանը։
Նրա խոսքով՝ Դաշնակցությունը 1999-ից մինչև 2009 թվականը կոալիցիայի անդամ է եղել, ապա մինչև 2016 թվականի կեսը եղել է ընդդիմություն, որից հետո՝ մինչև 2018 թվականի առաջին քառորդը եղել է կոալիցիայի անդամ։

«Եվ այդ ամբողջ ընթացքում մենք միշտ Արցախի հարցում նույն հստակ դիրքորոշումն ենք ունեցել»,- նշեց պատգամավորը։
Ըստ Արթուր Խաչատրյանի՝ բացի այդ, ՀՀ նախկին բոլոր իշխանությունները պաշտպանել են Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հարցը․ «Այսինքն՝ Արցախը որպես անկախ պետություն ենք դիտարկել։ Հակառակ դեպքում, ի՞նչ բանակցություն կարող էր լինել»։

Արթուր Խաչատրյանի պնդմամբ՝ եթե ՀՀ նախկին իշխանությունները Արցախը դիտարկեին Ադրբեջանի կազմում, էլ ի՞նչ բանակցություններ կարող էին լինել, էլ ի՞նչ պահանջ պետք է Ադրբեջանը ներկայացներ։

«Բացի այդ, պետք է չմոռանանք Ալիևի 2017 թվականի հայտարարությունը, ըստ որի՝ միջազգային միջնորդները պահանջում են, որ Ադրբեջանը ճանաչի Արցախի Հանրապետության անկախությունը։ Այնպես որ, Փաշինյանը, ձախողելով բանակցությունները, չմտածված պրովոկացիոն հայտարարություններ անելով, արձակեց Ալիևի ձեռքերը, ինչն էլ Ալիևին հնարավորություն տվեց պատերազմ սկսել։ Եվ պատերազմում էլ ձախողելուց հետո հիմա նա փորձում է իր մեղքն ուրիշների վրա գցել»,- ասաց Խաչատրյանը։

Նրա դիտարկմամբ՝ հիմա Փաշինյանն ինքն է իջեցնում անկախության նշաձողը, և փոխանակ պատասխանատվություն կրի, իր սովորության համաձայն, փորձում է ուրիշ պատասխանատուներ կարգել։

«Բացի այդ, այլ սկզբունքային հարց էլ կա․ Փաշինյանը հեղափոխություն արեց, որ կարողանա եղած սխալներն ուղղել։ Հիմա ի՞նչ է ասում, ասում է, որ բոլոր ձախողումների պատասխանատուն նախկիններն են։ Եթե դու չկարողացար սխալները շտկել, ուրեմն դու ինքդ ձախողել ես քո հեղափոխությունը, որովհետև քո խոստումը գալ ու շտկելն է եղել»,- նշեց պատգամավորը։

Արթուր Խաչատրյանը հիշեցրեց Փաշինյանի՝ զրոյական կետից բանակցություններ սկսելու հայտարարությունը, ապա նկատեց՝ նույն Փաշինյանն այժմ հայտարարում է, որ բանակցային վատ ժառանգություն է ստացել։

«Այդ մարդու բոլոր հայտարարությունները սուտ են ու կեղծ»,- շեշտեց Խաչատրյանը։

Բացի այդ, Արթուր Խաչատրյանը հատուկ ընդգծեց, որ Փաշինյանը խոսում էր անցած 25-30 տարիների մասին, մինչդեռ 1996 թվականին Լիսաբոնում ԵԱՀԿ գագաթնաժողովի ընթացքում հենց Արցախը Ադրբեջանի կազմում թողնելու հարցն էր օրակարգում, և Հայաստանն այդ որոշման ժամանակ վետոյի իրավունքից օգտվեց։

«Բա եթե Հայաստանը համաձայն լիներ, ինչո՞ւ պետք է վետո ներկայացներ, ապա ինչո՞ւ պետք է բանակցություններ իրականացներ»,- նշեց նա։