Քրիստոնեայի համար հարստությունը դառնում է միջոց բարեգործության, պաշտոնը՝ ճանապարհ ծառայության և ոչ աթոռապաշտության

Քրիստոնեայի համար հարստությունը դառնում է միջոց բարեգործության, պաշտոնը՝ ճանապարհ ծառայության և ոչ աթոռապաշտության

Ճրագալույցի Պատարագիչ Արշակ սրբազանի քարոզը.

Սիրելի քույրեր և եղբայրներ,

ՙՔրիստոս յարեավ ի մեռելոց՚ ավետիսով մեր ուրախությունն ենք կիսում ամենքիդ հետ հույսի հաղթանակի լուսավառ այս երեկո: Քրիստոսի սուրբ Հարության այս ճրագալույցին մեր մտքերը դառնում են կրկին չարչարանաց այն ճանապարհին, որ պսակվեց աննման Հաղթանակով: Խոհերով փոխադրվում ենք Բեթղեհեմից մինչև Նազարեթ, Գալիլիայից մինչև Երուսաղեմ և Գեթսեմանիից մինչև Գողգոթա:

Գեթսեմանիի պարտեզի ծառերը դողում էին մերթ ընդ մերթ սաստկացող քամու հոսանքից՝ կանխագուշակելով, կարծես, սպասվող ահասարսուռ իրադարձությունները: Մինչ Հիսուս քրտնաթոր ու աղեկեզ աղոթում էր: Աղոթում էր այնպես, ինչպես ո՜չ ոք երբե՜ք և ոչ մի անգա՜մ չի աղոթել:

Սպասվող դավաճանության ու չարչարանքնների, խաչելության ու մահվան սոսկալի տեսարանները չէին հեռանում Նրա մտապատկերից և առանձին թախանձանք էին հաղորդում առանց այդ էլ Նրա սրտահույզ աղերսանքին. ՙ…Հայր անցո զբաժակս զայս յինէն՚ (Մարկ. ԺԴ:36):

Շատ ժամանակ չանցած` ամբոխը, մատնիչ Հուդայի ուղղորդմամբ, խուժեց պարտեզ: Հիսուս ձերբակալվեց ու տարվեց դատաստանական ատյան և բեմականացված չարահնար դատավարությունից հետո, ՙի խաչ հան զդա, ի խաչ հան՚` (Մարկ. ԺԵ:13) ամբոխի խելակորույս ու ջղաձիգ վայնասունների ներքո, կայացվեց Հիսուսի մահապատժի անխուսափելի դատավճիռը:

Ուրբաթ առավոտյան Հիսուս արդեն խաչին էր գամված... Մի քանի ժամ անց, չարչարանքներից հյուծված ու ուժասպառ, Հիսուս ավանդեց հոգին՝ վերջին ուժերը հավաքելով՝ ցավից ու տառապանքից դառնացած ձայնով աղաղակելով. ՙԱստուած իմ, Աստուած իմ, Ինչու՞ թողեցիր ինձ (Մարկ. ԺԵ:34), ...Հայր, քո ձեռքն եմ ավանդում իմ հոգին՚(Ղուկ. ԻԳ:46):

Ժամն է թաղման…

Հուղարկավորները պատանքով պատեցին Հիսուսի խոշտանգված մարմինը, ամփոփեցին գերեզմանախորշում: Հաջորդ օրը՝ կիրակի վաղ առավոտյան, երբ արևը տակավին չէր ցրել գիշերվա մթության վերջին շղարշները, յուղաբեր կանայք հուսաբեկված ու համրաքայլ մոտեցան Հիսուսի գերեզմանին:

Գերեզմանի քարը հեռացված էր… 

Հիսուսի մարմինը չկար…

Մոտակայքում մի սպիտակազգեստ մարդ, որն ասես պարտիզպանը լիներ,  խորհրդավոր ու հաստատակամ ձայնով դիմեց կանանց. ՙ …խաչված Հիսուսին ե՞ք փնտրում. Այստեղ չէ այլ հարյավ՚ (Մտթ. ԻԸ: 5(Բ);6): Այո՜, խաչված Հիսուս Հարություն է առել` ՙՔրիստոս յարեավ ի մեռելոց՚:

Այսպես սկսվեց Հիսուսի Հարության պատմությունը, այսպես տառապանքը վերածվեց հաղթանակի և մահը դարձավ կյանքի նախերգանք:

Սիրելի քույրեր և եղբայրներ,

Շուրջ երկու հազար տարիներ քրիստոնեաներս Հիսուսի հետ անցնում ենք տառապանքի ճանապարհը, վերապրում Նրա Չարչարանքները, խաչելությունն ու մահը և մասնակից դառնում Հարության ուրախությանը:

Շատերը փորձեցին կասկածի տակ առնել մարդկության պատմության մեջ երբևիցե տեղի ունեցած խոշորագույն այս իրադարձության, այս հրաշքի վավերականությունը: Ազատականներն ու ՙկարմիր աթեիստները՚ Քրիստոսի կյանքի ու Հարության պատմությունը համառորեն փորձեցին մղել առասպելաբանության դաշտ, որում ամփոփված են մարդկության՝ անմահության հասնելու տենդագին երևակայության պատկերներն ու երազները:

Այլոք Քրիստոսի Հարությունը գնահատեցին որպես մի տիեզերական խաբեություն՝ հայտարարելով, որ խաչվողը ոչ թե Քրիստոս էր, այլ Նրա նմանությունն ունեցող մի անձ: Մեղադրվեցի նաև Քրիստոսի առաքյալները, թե իբր կաշառելով պահակազորին գողացել են Քրիստոսի մարմինը:

Քրիստոսի Հարության դեմ մարտնչողների չարահնար ու հիվանդագին երևակայությունը հասավ անգամ այնտեղ, որ հայտարարեցին, թե Հիսուս ոչ թե մահացավ խաչի վրա, այլ պարզապես կորցրեց գիտակցությունը և կամ հայտնվեց լեթարգիական քնի մեջ, որից հետո գերեզմանում արթնանալով հեռացավ այնտեղից:

Քրիստոսի Հարության պատմականության ժխտման փորձերը, սակայն, դատապարտվել են ձախողման, դատապարտվել են պատմական ու հնագիտական ժամանակակից հայտնագործությունների ու տվյալների անհաղթահարելի ուժով:

Հակառակ, սակայն, Քրիստոսի Հարության իրողության անժխտելիության, Հարության իրողությունը՝ իր գերբնականությամբ ու անընդգրկելիությամբ, շարունակում է անընկալելի մնալ մարդկանց համար: ՙԻնչպե՞ս կարող է մարդ կենդանանալ մեռնելուց հետո, արդյո՞ք սա ինքնախաբեություն չէ և այրած սրտի կեղծ մխիթարանք՚- հարցնում են նրանք: Այո՜, չափազանց դժվար է հավատալ Հարության հրաշքին, երբ ամենու՜ր և ամե՜ն օր բախվում ենք մահվան անհաղթահարելիությանը, երբ անդառնալիորեն հողին ենք հանձնում ծերերին ու մանուկներին, կանանց ու տղամարդկանց, ծաղկած ու թոշնած կյանքերին: Ինչպե՞ս հավատալ Հարությանը, երբ հողը կլանում է բոլոր կյանքերը, և երբ հողից ստեղծվածը դառնում է հողին՝ անէանալով փոշու աշխարհում:

Ավելի դժվար չէ՞, սակայն, հավատալ, որ մարդու կյանքը սոսկ հող է դառնում: Դյուրի՞ն է արդյոք մտածել, որ լոկ մի կայծ է մարդկային կյանքը հավեժի բոցում: Հնարավո՞ր է հավատալ արդյոք, որ մեր կյանքի պատմությունը զրկանքների ու չարչարանքների, չհագեցնող ուրախությունների ու նվաղկոտ հաջողությունների մի անիմաստ ժամանակագրություն է, որն ավարտվում է  մահվան տխուր ու անփառունակ վերջաբանով:

Քրիստոսի Հարության հրաշքը բացահայտում է մարդկային կյանքի նպատակը, հարություն առնելու հույս է պարգևում ամենքիս, վերափոխում  մեր մահախուճապ  դեգերումները, դառնում վավերական նշաձողը մեղքի ու առաքինության, չարի ու բարու, լույսի ու խավարի միջև:

Քրիստոսի Հարության հանդեպ հավատքով մարդկային կյանքը դադարում է լինել ծնունդից մինչև մահ ձգվող մի ժամանակամիջոց, Քրիստոսի Հարությամբ երկրավոր կյանքը դառնում է պատվանդանը հավիտենական կյանքի: Այս պատճառով է, որ Քրիստոսի Հարությանը հավատացողները նայում են անդին քան զմահն է, անդին, ուր ձգվում է հավիտենական կյանքը:

 Քրիստոսի Հարությունը փոխում է մեր կենսակեպն ու հայացքները: Քրիստոսի Հարությանը հավատացողները քրիստոնեությունը դարձնում են ոչ թե զբաղմունք, այլ էություն ու բովանդակություն: Քրիստոնեայի համար հարստությունը դառնում է միջոց բարեգործության, պաշտոնը՝ ճանապարհ ծառայության և ոչ աթոռապաշտության: Քրիստոսի Հարությունը՝ աշխատանքը վերածում է օրհնության և ոչ միջոց այլոց կեղեքման, նվաստացման և սեփական ագահության բավարարման: Քրիստոսի Հարությանը հավատացողները հայրենիքը չեն դիտարկում սոսկ որպես բնակավայր, այլ ինքնության սրբազան մասունք, և աստվածսիրությունը միահյուսում են հայրենասիրությանը: Քրիստոսի Հարությանը հավատացողի համար ուրախություն է եղբայրների ու բարեկամների համար զոհաբերվելը և ոչ թե նրանց զոհաբերելը, նվիրաբերվելը, քան թե նվեր ընդունելը: Հարության հույսով ապրողի համար նույնքան արգահատելի մեղք է սեփական ինքնության նկատմամբ հարձակումներից չպաշտպանվելը, որքան այլոց կյանքի նկատմամբ ոտնձգություն կատարելը:

Հարության հույսից զրկված են բոլոր նրանք, ովքեր երկրավոր կյանքը դարձրել են մրցավազք միայն ու միայն հագեցնելու նյութական ու զգայական իրենց կարիքները: Հարության ավետիսը չի՜ հասել նրանց, ովքեր ամեն ինչից ավելի ու ամեն ինչից վեր ՙՄոլությունների մեհյանում՚ խնկարկում են սեփական Ես-ի անարվեստ կուռքին: Այո՜, Հարության ավետիսի ժառանգորդը նրանք են, որոնց հույսը կապված է հավիտենությանը: ՙԵթե միայն այս կյանքի համար ենք հույս դրել ի Քրիստոս, ապա ողորմելի ենք քան բոլոր մարդիկ՚(Ա Կորնթ. ԺԵ:19),- այս է պատգամում առաքյալը:

Արդ, սիրելի քույրեր և եղբայրներ, գոտեպնդվենք ու զորանանք, հեռացնենք մեզանից տագնապներն ու վախերը, քանզի մենք հույս ունենք Հարության, խոստում ունենք Տիրոջից, որ անմահությունն է մեր ժառագությունը, վկայություն ունենք, որ խորտակված է մահվան զորությունը: Պատգամ ունենք Տիրոջից, որ անիմաստ ու աննպատակ չէ մեր կյանքը: Միայն պետք է գործե՜լ, պետք է գործել՝ հայացքն ուղղած Քրիստոսի սուրբ Հարության հրաշափառ ու ճշմարտապատում Լույսին՝ զինված հավիտենական կյանքի հույսով և ապավինած Աստուծո մշտնջենական զորակցությանը, քանզի Տիրոջ Հարությունը ոչ թե միայն պատմական իրողություն է, այլ  իրական ու չընդատվող ներգործություն, որով հաղթահարելի են դառնում բոլոր փորձությունները՝ ի փրկություն Քրիստոսին հավատացող հոգիների և ի փառս Աստծո, որին գոհություն և փառք բարձունքներում հավիտյանս հավիտենից ամեն:

Շնորք, Սեր և Ողորմություն ընդ ձեզ և ընդ մեզ և ընդ ամենեսին. Ամեն

 

Քրիստոս յարեավ ի մեռելոց,

Մեզ և ձեզ մեծ ավետիս: 

Տեսանյութը՝ այստեղ