ՔՊ-ում դեռ չեն որոշել՝ 22 պատգամավորների լիազորությունները դադարեցնելու հարցով դիմեն ՍԴ, թե ոչ

Այսօր ժամը 16:00-ին ԱԺ-ն խորհրդի նիստ է գումարելու՝ անհարգելի բացակաների թիվը գերազանցած պատգամավորներին մանդատից զրկելու համար ՍԴ դիմելու հարցով։
Նշենք, որ բացակայած 22 պատգամավորներն էլ ԱԺ «Հայաստան» խմբակցությունից են, սակայն մամուլն այսօր գրել էր, թե իշխանության հիմնական թիրախը լինելու է Իշխան Սաղաթելյանը։
ՔՊ-ից այս հայտարարությունը չեն հաստատում։ Պատգամավոր Ալխաս Ղազարյանը MediaHub.am-ի հետ զրույցում նշեց, որ ՔՊ-ում էլ դեռ նիստ չի գումարվել ու հստակ չէ՝ բոլոր 22 պատգամավորների համա՞ր են դիմելու, թե՝ ոչ։
«Բայց քանի որ օրենքի պահանջով է իրականացվում գործընթացը, կարծում եմ, որ պետք է բոլոր 22 պատգամավորների համար էլ դիմենք»,- նշեց Ղազարյանը։
Հիշեցնենք, որ բացակայությունների ամենամեծ թիվն ունեն պատգամավորներ Իշխան Սաղաթելյանը, Արմեն Գևորգյանը, Արմեն Ռուստամյանը, Սեյրան Օհանյանը, Էլինար Վարդանյանը, Արծվիկ Մինասյանը, Արգիշտի Գևորգյանը, Գեղամ Մանուկյանը, Քրիստինե Վարդանյանը, Աղվան Վարդանյանը, Աննա Գրիգորյանը, Ագնեսա Խամոյանը, Անդրանիկ Թևանյանը, Աշոտ Սիմոնյանը, Արմեն Չարչյանը, Ասպրամ Կրպեյանը, Արմենուհի Կյուրեղյանը, Թադևոս Ավետիսյանը, Արթուր Սարգսյանը, Արթուր Խաչատրյանը, Արեգնազ Մանուկյանը, Գեղամ Նազարյանը, Զեմֆիրա Միրզոևան։
Նարե Գնունի