Քոչարյանի պաշտոնանկության հարցը բարձրացնողների շղթան մեծանում է, Սրբուհի Գալյանի «պռավադնիկները». Մամուլը՝ սուրճով

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Գլխավոր դատախազության դատախազները Նիկոլ Փաշինյանի՝ ՔՊ վարչության նիստի տեսանյութի հրապարակումից են տեղեկացել, որ դատախազի տեղակալ Սրբուհի Գալյանը արդարադատության նախարար է նշանակվում ու լքում է համակարգը։ Անգամ դատախազները ներքին խոսակցության ժամանակ կարծիք են հայտնել, որ Գալյանը կա՛մ վերջին պահին է իմացել, որ նախարարի թեկնածուներից մեկն է, կա՛մ նրանից պահանջել են չխոսել որեւէ մեկի հետ մինչեւ ՔՊ վարչության մոտ «քննություն» հանձնելը: Արդյունքում, Գալյանի հեռանալուց հետո, համակարգում սկսվել են խոսակցությունները, որ դեռեւս 2022 թվականին ՀՀ գլխավոր դատախազի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող տեղակալ Սրբուհի Գալյանը առաջիկա օրերին պաշտոնից ազատման դիմում կգրի:
Բանն այն է, որ երբ Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ստանձնեց իր լիազորությունները, համակարգում աշխատակիցները մեկը մյուսի հետեւից ազատման դիմումներ սկսեցին գրել, ու Վարդապետյանը ձեռնարկեց դատախազության համակարգը «ամրապնդել» իրեն հավատարիմ կադրերով, իսկ Գալյանն այդ ցուցակում չկար։ Այսպես նաեւ Աննա Վարդապետյանի նպատակներն իրականացան»:
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ ՔՊ վարչության՝ արդարադատության նախարարի թեկնածուի ընտրությունը բուռն քննարկումների առիթ է տվել իշխանության ներսում։ Ոմանք ապշած են միջազգային կառույցներում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի ստացած ձայներից՝ նա ոչ մի կողմ ձայն չի ստացել՝ 2 տարի արդարադատության փոխնախարար աշխատած, բազային լուրջ գիտելիքներ ունեցող Կիրակոսյանը զրո ձայն է ստացել, մինչդեռ ՔՊ-ում կարծում են, որ նրա եւ մյուս թեկնածուների մասնագիտական կարողություններն անհամեմատելի են։ Վարչության դիրքորոշումից պարզ դարձավ, որ Նիկոլ Փաշինյանը միայն հլու հպատակներին է հանդուրժում, իսկ Կիրակոսյանը կարող էր նաեւ ընդվզել, օրինակ` միջազգային ատյաններում Ադրբեջանի դեմ հայցերից հրաժարվելու հարցում:
Վերջին շրջանում նրա եւ իշխանության մոտեցումների միջեւ լուրջ հակասություններ են առաջացել, նա անգամ մտադիր էր հրաժարական տալ, սակայն նրան համոզեցին` հետ բերեցին, որովհետեւ նման աշխատանքի ունակ մարդիկ ՔՊ-ում չկան: Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ իր նկատմամբ վերաբերմունքից խոցված է նաեւ ՆԳ փոխնախարար Արփինե Սարգսյանը, որին անձամբ Փաշինյանն էր առաջադրել: Նման քաստինգ կազմակերպելը եւ հրապարակավ թեկնածուին նվաստացնելը փաշինյանական ոճի մեջ են: Պարզվեց, որ քիչ թե շատ հեղինակություն վայելող թեկնածուներին հավաքել են, որ 32-ամյա Գալյանի համար ժողովրդավար ընտրությունների ֆոն ապահովեն։ Սարգսյանի օգտին 3 ձայն է գրանցվել, Գագիկ Ջհանգիրյանին կողմ են քվեարկել Սասուն Միքայելյանը եւ Վաղարշակ Հակոբյանը։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՔՊ-ի երեկվա՝ գիշերային ինքնաքննադատության նիստը թեժ է եղել: ՔՊ գրասենյակում հավաքված իշխանական կորիզը քննարկել է, որ պետք է պատժել որոշ թիմակիցների:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ նիստի ընթացքում որոշ երիտասարդ ՔՊ-ականներ բարձրացրել են Հովիկ Աղազարյանի մանդատի անհամատեղելիության հարցը, քանի որ Աղազարյանն օգտագործել է ամբիոնը՝ իր որդիների գործերից խոսելու համար, ինչը արգելված է պատգամավորին օրենքով. նա շահերի բախում ունի: Մի խումբ առավել ուժայիններին քննադատողները բարձրացրել են Արգիշտի Քյարամյանի պահվածքի անթույլատրելիության հարցը: Մի խումբ էլ հայտարարել է, որ բոլոր խարդավանքների հեղինակը «ծերուկ» Անդրանիկ Քոչարյանն է, որը փորձում է բոլորին բոլորի դեմ հանել խմբակցության ներսում:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Անդրանիկ Քոչարյանի պաշտոնանկության հարցը բարձրացնողների խումբը մեծանում է՝ Նիկոլ Փաշինյանի աներորդի Հրաչյա Հակոբյան, ՇՄ նախարար Հակոբ Սիմիդյան, Երեւանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյան, ԱԺ պատգամավոր Վիլեն Գաբրիելյան ու շատ ուրիշներ, բայց կոնկրետ որոշումների դեռ վերջնականապես չեն հանգել: Զարգացումների մասին՝ առաջիկայում