Ռուսաստանի ԱԳ փոխնախարարը Թուրքիայի դեսպանի հետ քննարկել է նաև իրավիճակը Հարավային Կովկասում

Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինը Մոսկվայում Թուրքիայի դեսպան Թանջու Բիլգիչի հետ հանդիպմանը քննարկել է Հարավային Կովկասում, Կենտրոնական Ասիայում և Ուկրաինայում առկա իրավիճակը։ Հայտնել է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
«Հաստատվել է ջանքերի հետագա համակարգման փոխադարձ տրամադրվածությունը՝ ի շահ խաղաղության և կայունության ամրապնդման, առաջին հերթին Հարավային Կովկասում»,- նշված է հաղորդագրության մեջ:
Կողմերը նշել են տարածաշրջանային և միջազգային հարցերի շուրջ երկկողմ համագործակցության արդյունավետությունը։
Նույն օրը Թուրքիայի դեսպանը հանդիպել է նաև Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Անդրեյ Ռուդենկոյի հետ։ Դիվանագետները մտքեր են փոխանակել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող երկկողմ և տարածաշրջանային օրակարգերի վերաբերյալ: